Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քրտինքին գաղտնիքը՝ սրտին մեջն էր. խեղճ ջութակահարը երբեք զով եղանակ մը չգտավ իր կազմվածքին հարմար, ու մեռավ։

Ուսումնասրահի կառավարիչը Ձայնավոր Գասպար կունտ ու կլոր, ծիրանի այտերով, ձայնը մարած, պոռալե ու օղիեն, զվարթ ու կատակախոս մարդ մէր։

Հռչակավոր Արիստակեսի աշակերտներեն էր. աստիճան առած էր. քահանա պիտի ձեռնադրվեր եթե իր ամուրի ըլլալը արգելք չըլլար։

Կը հիշեմ որ այս սուրբ ակնկալությամբ զինված՝ տարիներով թափառեցավ աղջիկ փնտրելու համար։

Կիները կը հավնեին զինքը երբ դասին մեջ կայնած, Ծնունդի ու Զատկի առավոտները ոսկեվառ շապիկովը կը դառնար ետին վերնատունին, իբրև թե հիշեցնելու որ ինքն էր օրվան անհրաժեշտ մարդը։

Գասպար աղան քահանայության ու ամուսնության թեկնածու մնաց մինչև վերջը, վասնզի ոչ ոք երեցկին ըլլալ հանձն կառներ։

Երբ Խորեն սրբազան Մաքրուհյան վարժարանի տնօրենությունը թողուց, Գասպար աղան այլևս շատ չկրցավ կենալ։

Նորեկ հոգաբարձուները իր խեղդուկ ձայնին չէին հավնիր. մին, հովարտա ոսկերիչ մը, որ ինքն ալ ձայնավորություն ընելու տկարությունն ուներ, կիրակի առավոտ մը եկավ տնկվեցավ դասին մեջ, Գասպար աղային քովիկը, եթե ոչ բոլորովին կապտելու՝ գեթ մաս մը առնելու անոր իշխանութենեն։

Գասպար աղան չէր կրնար առանց ձայնավոր դասատուի մը ավանդական իրավունքները զոհելու այս կացությունն ընդունիր հրաժարեցավ. բարով եկար ըսին իրեն ու կիսավարտ քահանան բոլորովին բացը մնաց։

Հետզհետե ուրիշ վարժարաններ մտավ եկեղեցական երաժշտության դասատուի պաշտոնով, բայց առջի զվարթ մարդը չէր ալ․ չքավորությունը, իր ի դերև ելած կոչումը, Մաքրուհյան վարժարանի հիշատակը, ուր տարիներով սովորած ու արմատացած էր, վարժարան մը որ իր տունն էր գրեթե, մանավանդ