Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն ոսկերչին ստվերը, այս ամենը միացան հեք ձայնավորին կյանքը դառնացնելու համար։ Ամեն կողմ ոսկերիչ մը կերազեր. իր քթին տակ, իր քովը, ստվերի մը պես անբաժան ուր որ ալ երթար, ազատ ու հզոր ձայնով ոսկերիչ մը՝ որուն քով իր մաշած ու հատած շունչն անլսելի կը մնար։

Անկից վերջը շրջուն տիրացու մը եղավ, տոն օրերը, գյուղի աղքատ եկեղեցիները կերթար, փոքրիկ վարձքի մը, մեճիտիեի մը փոխարեն, անեղծ պահելով իր ձայնավորի արժանապատվությունը։ Քալելով կերթար ամեն տեղ, լեռնե լեռ, շարժելով գունտ գլուխը, կարծես թոթափելու համար զայն պաշարող մտմտուքները։

Վերջին անգամ մը Ալեմտաղի պատահեցա իրեն. հետիոտն եկած էր Իսկյուտարեն չորս ժամ շարունակ քալելով։ Հեռվեն՝ միշտ կարմիր մնացող այտերեն ճանչցա այդ ոգելից ըմպելիքներով ուռած ու թմթռկած դեմքը, ինքը չճանչցավ զիս. հետո իմ բարևելուս վրա, խորհեցավ, հիշեց. Մաքրուհյան վարժարանի աշակերտ մ՛էի ու սիրելի մնացած հիշատակներ կարթնցնեի մտքին մեջ. իր փայլուն, իր հաջող ատենները գիտեի։

— Ո՞ւր է հիմա այն օրերդ, Գասպար աղա, ըսի իրեն։

Երաժիշտը սթափում ունեցավ իր հոգվույն մեջ։

Ի՜նչ, միթե ինքը չէ՜ր առջի ձայնավոր Գասպարը։

— «Արի» մը ըսեմ տե մտիկ ըրե։

Ափսո՜ս, իցիվ թե չըսեր, դասեն՝ ուր գացեր էինք ունկնդրելու իրեն, ձայն մը չէր որոշ ու հասկնալի, այլ հեղձամղձուկ հառաչանք մը, որ կելլեր ավերյալ խոռոչե մը ու փոքրիկ եկեղեցվույն բարեպաշտները կը զարմացներ։

— Ա՜յս է Պոլսեն եկող ձայնավորը։

Խեղճ մարդն ինքն ալ զգաց որ իր անկումն անհույս ու վերջնական էր։

Գոնե այն եկեղեցիներեն միույն մեջ տեղի ունենար այս պարտությունը, ուր այնքան ատեն լսված էր իր երգերուն ներդաշնակությունը. այն կամարներուն ներքև, զորս իր որոտացող ձայնովը թնդացուցած էր ատեն մը․ ո՛չ, այլ այս լերան գլուխը, այս փոքրիկ ու մթին մատուռին մեջ, բանե չհասկցող