Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս գյուղացիներուն առջև, որոնք կը ծիծաղեին իր վրա. ինչ վերջավորություն։

Այս մեծ զորապետը, հռչակավոր ճակատամարտի մը մեջ զարնվելու տեղ անծանոթ ավանի մը, աննշան կռվո մը մեջ կանհետանար։

Եվ ես որ զինքն ամենուն գոված էի, իրմե առաջ խույս կուտայի իր պարտության մասնակից չըլլալու զգուշությամբ։ Հուսկ ուրեմն փոքրիկ օգնությունով մը ջանացի սփոփել զինքը, հիշեցնելով այն մանկության օրերս, հորում ամեն տարի գիրք կարդալու, Դանիելի կամ Եզեկիելի մեկ գիրքը, իր շնորհիվ եկեղեցվույն մեջ ձեռք բերած համբավես երախտապարտ, հաջորդ օրը կանուխ կը փութայի հորմես պահանջած նվերս գաղտնի իր ձեռքը դնելու։

Մեկ մալ չտեսա զինքը. բայց իմացա որ Ազգը իր Հիվանդանոցին մեջ կը պատսպարե հիմա այս դժբախտը։


Վերջին հիշատակ մը ունիմ Պեշիքթաշի վարժարանեն․ թատերական ներկայացմանդ ի պատվի եղած միջոցն էր. Պոլիս՝ իր Կետիկ Փաշան ուներ, Օրթագյուղ Բարեսիրաց թատրոնը. ուրիշ գյուղեր՝ մասնավոր սրահներու մեջ կուտային թատերական ներկայացումներ։ Պեշիքթաշ՝ Մաքրուհյան վարժարանի սրահին մեջ առաջին ներկայացումը տվավ։

Ի՞նչ ուրախություն մեզի համար, ութ օր առաջ դասերը ստիպյալ դադրեցան. մեր նախակրթարանը՝ ուր թատերաբեմը պիտի շինվեր, հարկ եղավ թողուլ, լռություն պատվիրող չմնաց. ամենքը՝ տնօրենեն սկսյալ մինչև դասատուները, ամենքը ճարտարապետ ու բանվոր դարձած էին. տնտեսը կը մնար միայն ուսուցչական մարմնույն իբրև վերջին հիշատակ մը. մենք՝ գամերր, գործիքները ու տախտակները կը փոխադրեինք, եռանդուն ու աշխատասեր, գրքերը մեկդի նետած ու ազատ շունչ առնելով։

Տասնըհինգ օր առաջ սկսած էին փորձերը չորրորդ կարգի