Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ատենվան պեշիքթաշցիները։ Օրթագյուղեն եկած հանդիսական մը միայն անոնց փեշեն քաշեց ու արգիլեց։

Դերասանները այդ գիշերեն վերջը մեյ մըն ալ իրենց իշխանական կյանքին երեսը չտեսան։ Շապուհ՝ ոսկերչի մը քով մտավ ուր այդ ներկայացման հիշատակներովը վարպետը կը նեղացներ մինչև իրիկուն, քուրային քով քթին տակեն մռլտալով.

— Գոհություն տամք աստվածոց, իշխանք իմ քաջ,
Մեծ է օրվանս այս հաղթություն և առատ
Հունձք զոր այսօր մեր սուսերներ հնձեցին։


Ու հալոցը խառնելու համար բռնած ունելին մեջքը կը տաներ իբրև թե սուր մըլլար այդ երկաթի կտորը, վարպետը մենախոսությունը կընդմիջեր.

— Ծո՛, գործդ նայե, էշե՛կ, կրակը մարեր է։

Արյաց արքան հիմա պարկեշտ քույումճի մէ չարշըին կամարներուն տակ բացված ծակերեն միույն մեջ պաղտայ նստած, խեցիի մը մեջ պահվտած թուլամորթի մը նման, ադամանդյա զարդերը ցույց տալով, խանութին առջևի ապակյա տուփեն, ու հին դերասանի ձայնովն ու շարմվածքովն անցորդները կանչելով։

Եվ երբ լեցուն շահով, աղեկ հունձքով մը կանցնի օրը, այս դրամական հաղթությունը՝ իրական պատերազմե մը ոչ նվաղ դժնդակ և արդյունավոր, կուրախացնե զինքը, միտքը կը բերե իր դպրոցական հիշատակները, անզգալապես իր անզեն մեջքին կերթա ձեռքն անգո սուրի մը դաստակը փնտրելու համար ու ցած ձայնով, կամացուկ մը, հին դպրոցականի մը ու խույումճիի մը խառնուրդով շինված փոխաբերություն մը ընելով կը կրկնե դեռ.

— Եվ առատ հունձք զոր այսօր մեր սուսերներ հնձեցին։

Մյուսները Շապուհեն ավելի բախտավոր չեղան. Ալանոզան ու Դրաստամատ՝ այս երկու անհաշտ թշնամիներն իրենց գրկած ասպարեզովը միացան. պասմայի վաճառականներու քով մտան երկուքն ալ։ Առաջինը իր դժգույն կանանչ դեմքովը կրկնատոմարի հաստ ու ահագին տետրակներու վրա հակյալ