Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնաց ու ալ ավելի կանանչեցավ։ Մյուսը հրապուրիչ երիտասարդ, Քալփաքնիներու գլուխը խանութպան դարձավ, դեռ անցյալ օր այդտեղ պատահեցա իրեն։ Այո՛, նույն Դրաստամատն էր զոր տզա հասակես անջինջ կերպով պատկերացուցած էի մտքիս մեջ Արշակ Բ.ի ներկայացումեն ի վեր։

Այս անգամ, խանութին լայնքին դրված նեղ ու երկայն սեղանին վրա կերպասներու ծրարները բանալով մեկիկ մեկիկ շուկային կես ստվերին մեջ ցույց տալով անոնց գեղեցիկ ու Փայլուն գույները, Դրաստամատ կը պոռար.

— Նե զարիֆ պասմալարըմըզ վար...

<1889>


Օրթագյուղի վարժարանը. — Թարգմանիչներ. — Սեթյան. — Պերպերյան Ավետիս Պատվելի — Իմ դասընկերներս — Գաբրիել Ներշապուհ:

Այս վարժարանը կը կաղար, իր հին ու երերուն շենքովը, դրամական կացությամբն է ընդհանուր կառավարչին ձախ ոտքովը։

Հեք մարդուն այս ձախորդությունը պատերազմի մեջ ստացված չէր, թեև այն անվերջանալի կռվույն մեջ, զոր քառորդ դարե ի վեր կը մղեր ազգին անզուսպ ու անուղղա տղոց դեմ, հաղթյալը միշտ ինքն ըլլար։ Սնոտի պարծենկոտությամբ չէր ուզեր իր պարտությունը ծածկել, դիտեր որ անկարող էր հաջողությամբ մաքառելու իր հսկողության հանձնված մանուկներուն դեմ և բացե ի բաց կը խոստովաներ զայն, հետզհետե զինադադար և հաշտություն առաջարկելով։

Իր պայմանները՝ ամեն հաղթյալ մարդու պայմաններու պես մեղմ ու չափավոր էին։

Ընդարձակ սրահին երկու եզերքին երկայնությամբ շարված գրասեղաններուն մեջ պաշարված, կենտրոնացած, անհավասար կարկինի մը պես դառնալով իր ուղիղ ոտքին վրա, այս