Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հավիտենական զինվորը իրավախոհություն կառաջարկեք ողորմ ձայնով մր որ ամենուս սիրտը կը շարժեր։

— Հատե՜ սուս․․․

Հատե՜ սուս. կընդունինք քառորդ ժամվան մը համար լուռ կենալու պայմանավ ամեն ինչ ընելու այս արտոնությունը, բայց քիչ քիչ մեր անհանգիստ շարժումներն այս դաշինքը կը խզեն, առանց շարժման կյանք չըլլար վարժարանի մեջ, և մենք այս ֆիզիքական օրենքներուն ենթարկված, մեր անկենդան չըլլալը հաստատելու ստիպյալ, համբերություննիս սպառած ու մոռնալով ամեն ուխտ և դաշինք, ձայներնիս կը հանեինք անտանելի Ժխորով մը լեցնելու համար Թարգմանչաց վարժարանը։

Դպրոցին քով Բարեսիրտդ թատրոնը կսպասեր հանդարտ ու կեղծավոր երևույթով ու այս մերձավորութենեն գրգռյալ ամեն ոք թատերգություն կը պատրաստեր հոս. Հայր Արսեն՝ Ռասինի ողբերդությունը կը թարգմաներ, Թերզյան՝ Հայր Արսենի Իփիզենին, Թղլյան՝ Թերզյանի Սանդուխտը, ու մենք ամենքս Միշել Լուիի հռչակավոր Theatres contemporainsի հավաքածոները։ Ճշմարիտ թարգմանչաց վարժարան։

Թատրոն ու թարգմանիչ զիրար գտած էին։

Այս վարժարանին մեջ ճանչցա սև ու մութ երիտասարդ մը, Հովհաննես Սեթյան, որ վերջեն բանաստեղծ մը պիտի ըլլար, բոլորովին անակնկալ բանաստեղծ մր, որ այս ընդհանուր արշավին մեջ իր երկրորդական դասատուի դիրքը պահելու պարտավոր, հաստ ու ծանրաշարժ հատորներով բեռնավորված, որոնց բառարաններ ըլլալը դիտեինք, կը վաղեր ծակե ծակ մտնել, մեզմե գաղտնի, բոլորովին գաղտնի, բառ գոց ընելու համար մինչև վերջը, և իր նպատակր ծածուկ պահելու ջանքին մեջ շփոթած, չկարենալով պարտկե, փեշին տակ ահագին ու մեծածավալ գիրքերը, հապճեպ ու փութական՝ կանցներ մեր առջևեն, ու մենք այս խույս տվող դասատուին սև զգեստներուն, նիհար սրունքներուն ու գորշ գույնին նայելով ետևեն, երկու ոտքերուն վրա կանգնած վիթխարի ու փախստական մուկի մը կը նմանցնեինք զինքը։