Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այն ատեն կրոնագիտության դասը կը սիրեինք, դայակ ու դողդոջուն ծերունի մը, գիտուն ու հոյակապ մարդ մը կավանդեր մեր կրոնքի դասերը։

Իր Նիհար ու ծառի կեղևի մը նման ճմրթկած դեմքը՝ դեղին ու ճերմակ էր գրեթե երակաց անարյունութենեն, ու քիթը խոշոր, համառ ու հաստատամիտ մարդու քիթ մը, մշտնջենական հարբուխի մր դատապարտված ըլլալու էր զոր մեծածալ կարմիր թաշկինակով մինչև վերջը կը սրբեր։

Այս ալևոր կրոնագետը, Պերպերյան Ավետիս պատվելին, կը սիրեինք, կը սիրեինք իր տարիքին հակառակ անհոգ եռանդին ու իր ճշմարիտ կրոնասիրությանը համար, որ ամեն բանե առաջ ազգասիրության վրա կը հենուր միշտ։

Կենդանի, աշխույժ ու պատերազմիկ դասախոսություն մըն էր, ուր մեր կրոնքին նրբություններեն առաք, հռովմեականաց ու բողոքականաց դեմ հաջողությամբ վիճաբանելու եղանակները կուսանեինք։

Ու ամեն անգամ սորված դասերնուս, մեր վարժապետին գիտությանը կռթնած, վիճաբանելու անհամբեր, փողոցե փողոց, լեռնե լեռ կը շրջեինք բողոքական մը գտնելու և Տիրոջ խոսքին մեր դավանությանը համաձայն ըլլալը հաստատելու համար, ոչ մեկ ճշմարիտ բողոքական կելլեր մեր դեմ. իզուր աջ ու ձախ հանդիպած բոլոր կեղծավոր բարեպաշտները, «սիրելիս, բարեկամս բառերով սկսող շրջուն գրավաճառները վարկը դնեինք ճամփուն վրա բռնի Աստվածաշունչ գնելու պատրվակավ՝ կեցնելով զինքը, ու սրբոց բարեխոսության վրա իր կարծիքը հարցնելով, մեր պատրաստ ապացույցներն ու փաստերը գլխուն նետելու և գինքն ամոթահար ընելու համար։ Սովորաբար կա՛մ սնանկացած վաճառական մը կըլլար, կամ անգործ դասատու մը որ հոժարությամբ կընդուներ մեր տեսությունը և մեր սիրեցյալ եկեղեցվույն ուղղությունը, զոր չքավորությանն համար միայն մոռցած էր։

Այսպես լուրջ հակառակորդ մը պակսեցավ մեզի ամեն ատեն ու այն բազմաթիվ վկայությունները որով մեր բոլոր