Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արարողությունները, ծեսերը կը հաստատեինք, հետզհետե մոռցանք։ Բայց չեմ մոռնար երբեք իմ ծերունի դասատուիս պատկառելի դեմքը, իր մահվընեն դեռ շաբաթ մը առաջ եկավ ժամանակին, ճշտապահ իր դասախոսությանը մեջ, սովորականեն քիչ մը ավելի տկար, պարզելով ահագի՜ն կարմիր թաշկինակն ու վերջին օծման մասին մեր եկեղեցվո սկզբունքները, զինքն անբաժան կը տեսնեմ միշտ այդ թաշկինակեն. վառ ու հավատարիմ գույնովը իր դրոշակն էր գրեթե ու կրնանք ըսել որ այդ դրոշակին մեջ փաթթված մեռավ Ավետիս Պերպերյան։


Թարզմանչաց վարժարանի դասընկերներս ծանոթ անձեր են բոլորը. Տիգրան Արփիարյան հրապարակագիր մըն է․ Շիտանյան, Բապուճյան՝ ուսուցիչ են. Ատրունի իր դպրոցին հավատարիմ թարգմանիչ մըն է միշտ, բայց ոչ սուրբ գրոց․ Սալովմիթ փաստաբան մ՛է։

Սալովմիթ փաստաբա՞ն։

Ինչո՛ւ Սալովմիթ կը կոչեինք զինքը. ի՞նչ ըրած էր այս անունին արժանանալու համար, շատ կը սիրե՞ր արդյոք Սասինի Գոթողիան, չեմ գիտեր, անտարբեր, լուրջ, պարզ, ուսյալ երիտասարդ մը որուն երկար և ուղիղ մատները բոլորն ալ բացված տարօրինակ հողմահարի մը պես խոսակցության ջերմությանը մեջ հետզհետե դիմացինին աչքը կը մտնեին, իզուր ետ կեցնել ուզած էին զինքը այս վատ սովորութենեն. վերջապես որոշեց ինք գրպաններուն մեջ պահել այդ անզուսպ թեվերը։

Սալովմիթ իր դասը կարտասաներ ուղիղ և անշարժ կանգնած ուսուցչին դեմը, ոտքը ոտքին քով, թևերը թաղված անհատակ գրպաններու մեջ, անհանգիստ, քրտնելով, տասնապետին դեմ կանգնած կարգապահ զինվորի մը ձևով, ու քիչ մը ետքը դասին ոգևորության մեջ մոռնալով բոլորովին իր կոկիկ ու քաղաքավար կեցվածքը, քայլ մը կառներ հառաջ ու ձեռքերն