Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաջողություն մը ձեռք կը բերեր և որ ավելին է, ամեն օր համար կուտար իրեն՝ վայելած բոլոր շնորհներուն։

Ափսո՜ս, վայելչության կողմե չէր կարող մրցիլ իր գեղեցիկ ոսոխին հետ. իր կարճ հասակով, ցած ճակտով, գռուզ մազերով ու ծաղկավեր դեմքով, բարեձևության պահանջումներ չէր կարող ունենալ, բայց իր առավելություններն ալ կը կշռեր անոր փոխարեն, իր հայրենիքեն ոտքով եկած էր Պոլիս, յոթն տարեկան եղած ատենը, և Ղալաթիո վարժարանին մեջ տնտեսին քով ու անոր կերակուրներով ապրած էր մինչև տասներեք տարեկան հասակը երբ հաջողեր էր Շահնազարյան վարժարանը մտնել, ամեն բանի կարոտ, ամեն բան ձեռք բերեր էր աննման հաստատամտությամբ, մանկութենեն դատապարտված ընկերական ամեն մահացումներու, մարդատյաց մեկը դարձած էր ու կիսկատար փիլիսոփայությամբ մը զոր իր մոլար սկզբմանցը կը համաձայներ, շուտով համոզված էր թե չարն ու բարին գոյություն չունին, թե վատությունը տեղին համեմատ ազնվություն է, թե մարդուս գերագույն նպատակն իր եսության մեջ կը կայանա։

Հետևապես գեշ ոգվով ու սխալ դաստիարակությամբ զորացած, և ոչ մեկ բանի մեջ լավ կողմը կրցած էր նշմարել։ Հելլենուհվույն սերն անգամ չէր այն բարձր ու ազնիվ զգացումն որ մարդն անասուններեն կը բաժնե, այլ վայրագ ու ահավոր իղձ մը ու տանջանք մ՛էր։

Երբեք չէր ներած իր պատանի ընկերոջը դասի մեջ առաջնությունը. սիրո ասպարեզին մեջ անոր նախամեծար համարվիլն իր համբերության չափը լեցուց. մութին մեջ սպասող կատարյալ թշնամի դարձավ իր սրտեն, թեև անկարող անոր վնասելու։ Աղջկան մոտ իր խնդիրքն ու հետևանքն հետևյալ օրը Տիգրանին միջոցավ տարածվելով Համալսարանին մեջ, մին իր ծաղրանկարը շիներ էր որուն մեջ իր ծակոտյալ երեսը գեղուհվույն շրթանցը կը մոտեցներ երբ սա զզվանոք գլուխը կը դարձներ, ուրիշ մը փոքրիկ ոտանավոր մ՛էր շիներ անոր վրա որ բոլոր ուսանողներուն բերանն ինկավ։

Այն ատեն անհաշտ ու ոխակալ լռությամբ մը պաշտպանեց ինքզինքը. երկու տարի կար շրջանն ավարտելու, քիչ մը վերջը