Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լայն, ոլորուն, զորապետի մը վայելուչ, որ իր դեմքին դասախոսներու սովորական կեղծավոր դեմքեն բոլորովին տարբեր, համարձակ երևույթ մը կընծայեին։

Թվաբանական անվերջանալի խնդրոց մեջեն որով կողողեր զմեզ, դեռ կը դիտեմ իր հեզ ու համբերող դեմքը, մարտիրոսի դեմք մը։

Հռովմեականաց վարժարանին մեջ ուր կը դասախոսեր առաքին լուսավորչականն ըլլալով, տնօրենին՝ տոքթոր Շիշմանյանի ազատասեր ոգվույն ու Անդիներուն ակամա հայասիրությանը կը պարտեր այս պաշտոնը.

Իր աշակերտները որոնք կը սիրեին իր շուրջը թոլորվիլ, ցիրուցան են հիմա. ոմանք, թերևս լավագույնները, մեկնեցան ժամանակեն առաք, ու մենք անոնց թողած պարապը չկրնալով լնուլ, իզուր ջանալով սեղմել մեր բաց մնացող զիծերը, մենք ալ կը հառաջանանք մեր կարգին սպասելով։

<1889>


Ինչո՞ւ կը սիրեմ Հռովմեական Հայոց եկեղեցին, ի՜նչ նախապաշարում է աս որ չեմ կրնար վրայես թոթվել։

Զիս հրապուրողը՝ օտարության թեթև հո՞վն է որ կը թռչտի անոր կամարներուն տակ. բարեպաշտներով ամփոփ ու քաղաքավար կեցվա՛ծքն է որ զիս կը գրավե։

Այս մարդիկ ու այս կանայք որ հատուկ ձևեր, խոնարհելու, ծնրադրելու մասնավոր կանոններ, պայմանադրական ամբողջ կարգ ու սարք մը ունենալ կը թվին, ո՞րքան կը տարբերին մերիններեն։

Մեր բուռն ու եռանդոտ աղոթասիրությունը չի կա հոն. առջի վայրկյանեն կզգաս անմիջապես որ մեր եկեղեցին չէ ան, պանդուխտին գետնամած դեմքը, աղային անշնորհ մռլտուքը, ողբի, կոծի, տրտունջի այնքան նմանող ձայները, որ մեր եկեղեցվո պատերուն կը զարնվին հաճախ, չեն լսվիր հոն։

Գոհ ու երջանիկ մարդոց տեղն է, Ավետյաց երկիր ուր Վիշտը