Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վայելչությամբ կը մտնե ներս և ուր Սուգը անգամ շնորհալի կընծայե ինքզինքը։

Այս էր գեթ հանկուցիչ երևույթը որով, հստակ ու պայծառ, կը պատկերանա այս պահուս մտքիս առջև Օրթագեղի Հռովմեական Հայոց եկեղեցին իր լուսագեղ գավիթովը, իր բարձր գմբեթին լայնալիճ աղեղովը որ օղին մեջ կը խրոխտա, իր տաճարին մեջ աղոթելու եկող ընտրված, զատված բարեպաշտներու ու բարեպաշտուհիներու ժողովքովը. բաց գիրկ լեցուն խոստումներով և քսան տարիներն ի վեր հորմեհետե առաջին հիշատակը պահած եմ, այդ գիրկը՝ ուր նետվելու անբացատրելի փափագ մը կունենա մարդ առջի տեսնալուն, կը մեծնա աչքիս, կը մեծնա, կը լայննա, կը խորունկնա ահա ու բաց.․․ անդունդի մը տպավորություն կը թողու վրաս։


Անոր պես ալ քովի վարժարանը շնորհալի բան մը ուներ։

Ո՛չ, մերիններուն չէր նմաներ այս դպրոցը որ 1874ին՝ իր նոր ճերմակի ներկված երեսովը, մաքուր կանանչ փեղկերովը երկաթե, պզտիկ չափին ու շնորհալի ձևին մեջ, շալեյի մը կը նմաներ։

Ակամա կը բաղդատեի այս նորաշեն հարկին վայելուշ ճարտարապետությունը ու զվարթ երեսը մեր ազգային վարժարանին խարխուլ երևույթին, տարապայման տարածությանը հետ։

Այս խորհրդածությունները չըրինք այն ատեն երբ Թարգմանչաց վարժարանին խանգարյալ վիճակեն հուսաբեկ մենք, բազմաթիվ հայ տղաքներ, հարկադրվեցանք Հռովմեականաց դպրոցը դիմել։

Կը սիրեինք այն կիսափուլ շենքը որուն հրաժեշտ կուտայինք, ծռած, կոտրած գրասեղանները որոնց վրա արմուկնիս մաշեցուցած էինք, սեղանատունը ո՛չ շատ մաքուր, կերակուրի հոտերով ծանրացած մթնոլորտով։ Մեր վարժությունները, մեր ծանոթները կը ձգեինք հոս, տնտեսեն մինչև կառավարիչը ու վերջին պահուն կը մոռնայինք մեր բոլոր գանգատի