Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔՈՔԻՆԱՔԻ

(Իզմիրի կյանքե)

Առ տիկին...

Ա.

Քոքինաքին կերգեր, նուրբ ու ներդաշնակ ձայն մը որ գիշերն ի բուն կը համառեր ձայնոցին գոց ու կանանչ փեղկերուն դեմ. երբեմն ներսեն փսփսուք մը կը լսվեր, դուրս կը թափանցեր. Քոքինաքին էր. կը ճանչնային այս ձայնը որ հունարեն երգերու հատվածներով կուգար արթնցնել զիրենք կես գիշերին լռության մեջ։

Քոքինաքին՝ վտիտ ու դժգույն երիտասարդ մ՛էր նուրբ՝ իր ձայնին, գունաթափի հյուծախտավորի մը նման, տասը գիշեր անքուն հսկելու կարող իր դրուպատուրի անտանելի խոնջանքին տոկալով, և այսպես բոլոր քաղքին անհրաժեշտ եղող մարդ մը ըլլալուն գիտակցությունը ցույց տալով սովորաբար քնատութենե փակվող աչքերուն մեջ։

Իր ձայնը բոլոր քաղքին ձայնն էր, անոր վիշտերուն թարգման, ուրախությանդ մասնակից, գանգատող և լալագին ձայն մը բոլոր արևելքի ձայներուն պես։ — Առանց այս տղուն Իզմիր չի պիտի կրնար կարծես դուրս թափել միշտ արտահայտվելու տրամադիր եղող իր ոգին, գիտեին և ասոր համար կը պաշտեին Քոքինաքին. հայ, հույն, տաճիկ, եվրոպացի ձեռքե ձեռք կը քաշեին զինքը, շոյելով անոր ուսը, մեղմիվ, դրամ դնելով կամացուկ մը անոր ափին մեջ, և առաջարկելով երգ մը երգել