Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրենց իբրև թե խնդիրք մը կը ներկայացնեին ու երբ երգը վերջանար, միշտ զմայլանոք, անկեղծ երախտագիտությամբ մը դրվատելով երգիչը.

— Պռավո, Քոքինաքի։


Բ․

Քոքինաքին կերգեր, փողոցին մեջ մեկ գիծին վրա երկու կողմն շարունակվող լուսավոր կետերը, որ կազերուն դեղին ցոլքերն էին, հեռուն երթալով իրարու կը մոտենային, զիրար կը կտրեին և այդ դժգունած լուսով փողոցը կերկարեր ամայի, թափուր, իր տուներուն հուսահատական միօրինակությամբը որ լռին, ուղղագիծ պատնեշներու տպավորությունը կըներ վրաս և որոց ետին ամբողջ բանակ մը կերևակայեի բունի մեջ թաղված։ —

Մեր աղմուկեն, վասն զի մենք էինք Քոքինաքին երգել տվո զը ձայնոցին մեջ, գիշեր ատեն իրենց անդորրությունը խռովող անձերը տեսնելու տկար փորձեր կըլլային, փեղկերը բացվելու դղրդյուն մը կը լսվեր և ես պահվըտելու կը պատրաստվեի. աննշմարելի դառնալու չափազանց փափագով մը, պզտիկնալով բաց կառքին անկյունին մեջ, մինչդեռ Քոքինաքին իսկույն. հանպատրաստից, երգի նոր տուն մը կսկսեր Հոմերոսի լեզվով զոր ամեն ոք, ինձմե զատ, կը հասկնար այս ձայնոցին մեջ. իր բանաստեղծական տաղանդը ի հայտ կածեր, ճշմարիտ աշուղի մը պես որ վայրկյանեն, պարագայեն կը ներշնչվի։

Ես՝ այս ցուրտ գիշերեն, այս անմարդի թաղեն ու գոց պատուհաններեն ոչինչ պիտի գտնեի ներշնչվելու և ողորմագին բան մը պիտի ըլլար իմ տաղս եթե երբեք այս տեսակ հարկի մը տակ գտնվեի։

Բայց Քոքինաքին իր արվեստին քաջավարմ, այս ամեն ներշնչում մարող տեսարանին առջև չէր թերանար, կզգայի որ իր ոտանավորը կը կաղար, հանգերը իրարու չէին պատշաճեր և ամրափակ պատշգամներուն ուղղված հրավառ շեշտերը շարունակ նույն դիմառնությամբ կսկսեին՝

Ֆիլիմու Պետրոռաքի։