Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երգին մեջ Սարգիս կամ Պետրոս աղան հունական մասնիկով մը կը հարստանար, կը քաղցրանար, տեսակ մը կրկնա մկրտության, կես գիշերին ու փողոցի մեջ, որով երգիչը՝ հավատարիմ իր օրթոտորս եկեղեցվույն խստապահանջությանը արվեստը կրոնքին հետ կը հաշտեցներ։

Զմեզ շրջապատող ստվերներուն մեջ, վրանիս իջնող գիշերվան շաղին տակ, մեր մայրենի եկեղեցվո ուղղափառությունը պաշտպանելու մտադիր չէի. վրաս ծանրացող թմրության մեջ, այս քաղցրալուր ձայնը՝ տեսակ մը նեննիի, օրորի թույլ ու հեշտ տպավորությամբը կը ներգործեր, մինչդեռ ընկերներս ընդհակառակն հետզհետե կոգևորվեին, հափշտակված անոր շեշտերեն, կը մոռնային ժամը, ցուրտը, խոնավությունը, զմեզ շրջապատող առանձնությունը՝ անոր դառնալով կըսեին աղաչավոր ու փայփայիչ.

— Քորինաքիմու...


Գ.

Հայնոցը հարթ ու տափարակ գետնի վրա շինված թաղ մ՛է, որուն քարահատակ փողոցները ուղիղ անկյուններով զիրար կը կտրեն, կը կտրտեն հաջ և հահյակ պտըտցնելով խաբվելու չափ նմանող երկհարկ տուներու շարքն ու երեսները զորս պարտեզ մը, ծառ մը, բույս մը չի դար կենդանացնել։ Իզուր կառքերնիմ կը շարժի, կը հառաջանա, ամեն կողմ տանիլ կուզե մեր աղմուկը, աննպատակ պահանջումները. անիվները կը թավալին շարունակ։

— Սարգիսյաններուն տանն առջևն ենք, կրսեն ինձ։

— Ասի Պաթմազյանն ելած տունն է, կըսե, մյուսը Հակոբոս աղային։

Ասոնցմե և ոչ մին կը տարբերի մյուսներեն, այնպես որ կես գիշերեն ի վեր հորմե հետե թափառական կը շրջինք, երազի մեջ քալող մարդու իրական անշարժության մեջ և միևնույն տանը առջև կը կարծեմ ինքզինքս։ —

Ընկերներս կերգեն, կը զվարճանան, քննադատելով իմ ապշած պոլսեցիի լրջությունս զոր պարզապես ծաղրելի կը գտնեն