Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիշերվան այս պահուն. օղի կառաջարկե մին. երգն կըսե մյուսը. դուք Պոլսո մեջ չե՞ք զբոսնուր, կը հարցնե երրորդը։

Պոլսո մեջ կզբոսնունք թե ոչ լավ մը չեմ դիտեր, բայդ հոս կզգամ անդիմադրելի փափագ մը մեկեն թոթափելու այն հիմար ծանրությունը զոր, չեմ գիտեր ինչու, զգեցած եմ այս գիշեր և իրենցմե բարձրաձայն պոռալու անհուն տենչ մը կը գրավե զիս։

Օղիին ազդեցության տակ՝ փողոցի տուները կսկսին տեղերնուն երերալ, շարժիչ, պարել, տիտանյան պար զոր կը դիտեմ հիմա առանց ահաբեկելու, ալ գլխիվայր կը տեսնեմ ինքզինքս առանց զարմանքիդ իմ ձայնս՝ ընկերներուս ձայնին կը խառնվի անհանդուրժելի ժխորի մը վերածելով անոնց երգը։

Հետո, ցույց տալով քիչ մալ իմ մայրաքաղաքացիի պարծենկոտ գերազանցությունս, Պոլսեն երգեր կերգեմ իրենց զորս կունկնդրեն, ու Քոքինաքին մեծ մեծ կը բանա իր փակվող աչքերը վախնալով որ չելլեմ ոսոխ և ախոյան հանդիսանամ իրեն։

Գիշերվան ցողը կը շարունակե տեղալ անձրևի պես թրջելով զմեզ և հոդացավի սպառնալիքներով խանգարելով մեր բերկրանքը։

Դ.

Առտվան մոտ ձայնոցը կը գթա վրանիս, բարեկենդանի սովորության համեմատ ծանոթներու բարեկամներու տուներ վերջապես կը հաճին հյուրընկալել զմեզ, մեր Քոքինաքիին հետ։

Տան տյարք ու տիրուհիք փութով կը հագվին, կուգան աչքերնին շփելով, ժպտուն սակայն, կագերը վառելու, նախ դիտելու համար եկողներուն դեմքը և այս տարօրինակ հյուրերը։

Գինի, քոնյաք, շամբանյը կը հրամցնեն իրենք ալ մասնակցելով մեր անիմաստ խնդումին և մեկնելու ժամուն արք մեզի ընկերանալով կստվարացնեն մեր շրջուն խումբը։

— Հոս բարեկենդանը այսպես է, կըսեն ինձ ամենքը միաբերան, արդարացնելով մեր գիշերային ուղևորությունը։ —