Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետզհետե ասպատակող փոքրիկ բանակ մը կը դառնանք ձայնոցին մեջ, մինչդեռ աքաղաղը կը խոսի և Քոքինաքին կը վերսկսի նորելուկ հունական երգը, իր դաշն ձայնովը որ պատեպատ, դուռե դուռ կը կրկնվի կերկարաձգվի։

— Մա՜ր կա ա՜ա ռո...

Աստղերը տակավ առ տակավ բացվող երկնից կապույտին վրա կը դժգունին, անտեսանելի կըլլան, մութը՝ իր խստությունը կը կորսնցնե, կը մեղմանա. տուներուն գույները կը ճշտվին, փողոցներուն մեջ մարդիկ երևան կելլեն որք զմեզ կը դիտեն հիացած, կառքեր՝ քաղքին ուտելիքը կը կրեն ու տեղ տեղ կազերուն լույսը կը մարի։


Ե․

Վերջին տունն ուր գացինք, դեմս ելլողը դո՞ւն էիր որու կը նվիրեմ Իզմիրի բարեկենդանի այս փոքրիկ հատվածը․ գեթ մեկն էր որ քեզ կը նմաներ, այնքան կը նմաներ։

Քեզմե քիչ մր պակաս խոժոռություն դեմքին վրա երբ երեսս նայեր, ժպիտ մը ավելի... բայց ո՛չ, քու ժպիտեդ ավելի քաղցր ժպիտ չի կա. հասակը նուրբ, դյուրաթեք, հարուստ ու խիզախ կուրծքի մը բեռան տակ, քուկինիդ պես. միայն քեզի պես տրտում չէր անի։

Տեսնելուս պես մոտը գացի մտերմությամբ, զիս ներկայացնելու հարկ չիկա ըսի բարեկամիս. տեղը, ժամանակը, մարդիկը կը շփոթեի մտքիս մեջ. աղջիկը՝ երեսս կը նայեր խնդալով, զվարճանալով արբած պոլսեցիի համարձակությանս վրա։

Եվ խոսակցությունը կսկսի և անունդ տալով.

— Ի՜նչպես, հո՞ս դո՞ւք ալ։

Չէր ատասխաներ. ես կը համառեի.

— Տեսնենք ե՞րբեն ի վեր։

Աղջիկը բարձրաձայն խնդալե կը մարեր։

— Հոս, կը շարունակեի, Պոլիս չենք, բայց դուք միևնույն ծաղրող և անողորմ էակն եք։

Այնքան կը խնդար որ ալ պիտի ճաթեր։