Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սենյակին մեջ եղանակները, ձայները, քահքահները, բաժակաց բախումը իրար կը խառնվեին։

— Չե՞ք պատասխաներ։

Այդ պահուն պատանության վերադարձ մը կըներ միտքս կը հիշեի բոլոր բոլոր այն անձնահույզ խանդաղատանքս որով քանի տարիներ հետևեցա քեզի, քեզի անծանոթ, ստվերի մը պես անշշուկ և վախկոտ, հետո սպասելն, քաջալերող ակնարկ մը սպասելե ու միշտ խոժոռած դեմքի մը հանդիպելե ձանձրանալս, անպատեհ սիրո մը համար ինծի արժանի վերջավորություն։

Եվ տեսնելով որ կը շարունակեր ծիծաղիլ վրաս, ձեռքը ուզեցի բռնել, այն ատեն խնդալը դադրեցուց և ուղղելով գեղեցիկ բարձր հասակը, սպանյոլի մը արտասանությամբ հեռացուց զիս։

— Ո՛վ կարծեցիր զիս, ծե՜ե՜ե՜։


Զ.

Դուրսը լուսցած էր. փողոցե փողոց մեր խումբը երթալով կը պակսեր՝ ընկերներս իրենց տան առջև հասնելնուն դռնեն ներս կը սպրդեին մեկիկ մեկիկ, խորհրդավոր էակներու պես կանհետանային թողլով որ մնացողները շարունակեն Բարեկենդանը։

Ես կը շարունակեի քալել անգետ և անփույթ որ կողմ երթալուս ցորչափ Քոքինաքին իր ձայնովը կառաջնորդեր ինձ անծանոթ աշխարհի մը մեջ զոր գինովութենե գրգռյալ ուղեղս իզուր կը ջանար պարունակել. և տասը վայրկյանի մեջ ամեն ինչ կը հատներ կանհետանար չորս դիս, այս բարեկենդանի գիշերը, բարեկամներս, ձայնոցը, և այս բոլորին խառնվող պատանության հիշատակը, հոս մինակ գլուխ գլխի ձգելով զիս Սոքինաքիին հետ առավոտյան պայծառ լույսին տակ փողոցին մեջտեղը, բայց երգիչին բոլոր գիշերվան եղանակները կը հնչեին միշտ ականջիս, քնարի մը թելերուն պես որ նվագածուին դադրելեն վերջը դեռ կը թրթռան ամբողջ երեկույթի մարող սպառող արձագանքին պես։

<1891>