Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓՈԲԵՐ

Կիները ամեննն շատ սիրեցին այս խաղը, նենգությամբ, անակնկալով, սիրահատնումով լեցուն, որ ամեն կողմ կը ճարակի հիմա, Փերա, Փրինքիփո, Պյոյուք Տերե, Քատըքյոյ։

Պռիճը՝ հաշիվ ու նրբություն կը պահանջեր միայն, մտքի. ջանադիր աշխատությունն էր որ հոն կը գործեր, հաջող թուղթեն մեծագույն օգուտը քաղելով և ձախորդեն՝ նվազագույն վնասը քաշելու համար ոգորելով, տաժանելով խելքի խուլ պայքարի մը մեջ։

Փոքերը ոչինչ կուզե ասոնցմե. խաբեության ու կեղծիքի իսկատիպ խաղն է, ուր ուժդ ու տկարությունդ հավասարապես պարտավոր ես ծածկել դիմացինեդ, երբեմն համեստությամբ, շփոթած, վարանքով, ամենափոքրիկ գրավ մը բռնելու համար, իբրև թե չվստահեիր թուղթիդ զորությանը, ու երբեմն խոյանալով հակառակորդիդ ամբողջ դրամին վրա, պլըֆի մը հանդգնության մեջ պարտկելով իրական տկարությունդ ու հակառակորդդ վախեն փախցնելով։


Ըսի ու կը հավատամ որ կիները ամենեն ճարտարներն ըլլան այս խաղին մեջ, իրենց բուն մթնոլորտին մեջ ըլլալնուն համար անշուշտ։