Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուժն ալ սուտ, անուժությունն ալ սուտ, խոյանալն ալ սուտ, վարանիլն ալ սուտ, ընդունիլն ալ, մերժելն ալ, ամենքն ալ սուտ, ամբողջ կնոջական աշխարհ մը։

Հոս պչրանքը, ժպիտը, խոժոռումը, անուշ խոսքը, ամեն շարժումները և ամեն ակնարկները պետք է դիտել, վերլուծել, կանգ առնել, չխաբվելու համար, և, ավելի գեշ, ծիծաղելի չլլալու համար երբոր վարդագույն շուրթեր պոռան երեսդ ի վեր.

— Քառե կամ ֆլո՜շ...

Ու ափ ի բերան թողլով զքեզ Հափշտակեն տանին ունեցածդ չունեցածդ, խնդալով քթիդ, ուրիշ անգամվան համար թուղթ խաղալու եղանակիդ վրա մտերմական խրատներ տալով քեզի, ուսդ ծեծելով մեդմիվ։

— Բարեկամս, թուղթ չուզողին ռըլանսը չեն բռներ։

Եվ կամ թե՝

— Պլըֆը հայտնի էր. պետք էր տեսնել։

Իրա՞վ։

Կը մտածեմ որ Փոքեր մըն է կյանքը զոր ամբողջ աշխարհ կը խաղա արդեն։ Պլըֆյոռներ մեկ կողմեն, չունեցածը ունեցած ձևացնողներ ու հաջողողներ, անթիվ, անհամար, պայքար մը մահացու, ոխերիմ, որուն ամբողջ կյանքդ կը դնես, շարունակ ըսելով Մոն թո՛ւ:

Եվ դեմդ մեկը կելլե, անծանոթ մը, չար ոգի մը, Դիպվածը թերևս զոր չես ճանչնար, և որ գրավդ կը բռնե ու կը կործանե զքեզ չորս թուղթ նետելով առջիդ։ Կամ թե մարդիկ կը տեսնես մեծ ուժի ու դրամի տեր, ամեն օր ամեն վայրկյան ձեռվընին Ֆուլ ալ՛աս ունեցող մարդիկ, որոնք կանցնին Փասսոյի անընդհատ մրմունջի մը մեջեն, անկարող օգուտ քաղելու բախտեն՝ որուն երես առած, շփացած զավակներն են. մինչդեռ անդին ուրիշ մարդիկ, ձեռներեց, ճարպիկ ու հանդուգն, որ աշխարհներ կրնային վաստկիլ, տարիներով զույգ մը չունին ուվերթյուռ մը ընելու համար։

<1892>