Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳԱՐ ԱԽՊՈՐ ՏԵՐՏԸ

Դրսեցի մըն է, պանդխտության տաժանքովը ծերացած. իր բիրտ ու հաստ մարմինը՝ կքած, ծռած, քայքայած է հոս. ողորմելի մնացորդն է հիմա առջի կայտառ երիտասարդին, որ քսան տարիներ առաջ վազած եկած էր Պոլիս, բախտ փնտրելու համար զոր երբեք զտած չէր։

Այս քաղքին մեջ, ամեն ինչ կը զարմացներ զինքը, մարզերը, ձայները, փողոցները ու տուները։ Միայն եկեղեցին, իր եկեղեցին կը ճանչնար, միևնույնը հոս ալ ինչ որ էր իր երկրին մեջ, դասը, բանկալը, գավիթը, խորանը։

Հոն վերադարձած մարդու պատրանքը կունենար, ձայներն ու եղանակները ծանոթ էին իրեն, իրեն պես շատեր կը տեսներ շուրջը, լալագին ու հառաչալից սրտեր, երեսանկյալ ու գետնամած մարդիկ, ժամուն պատերուն ու քարերուն քսվող դեմքեր, օգնություն ու սփոփանք հայցող հոգիներ բոլոր։

Իսկ պատարագի ատեն ա՛լ տարակույս չուներ բնավ, հոս հոն չկար, իր վերացմանը մեջ, քահանան, դպիրներն ու բարեպաշտներու բազմությունը կը միանային, հիշեցնելով իր բնավայրը, աղոթքի ժամերը գյուղին, ամբողջ ու անխառն վայելք մը ձևացնելով զոր խոնասեր, փափկաճաշակ մարդու մը պես Մարգար ախպար կըմբոշխներ մեղմիվ, կծծի, ագահ մարդու խնայողությունով։