Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարեն դպիրները վրա կը հասնին, չթողլով որ շարունակեն ու հառաջ քշելով իրենցը․

«Հիշյա Տեր և ողորմյա»։

Եվ այսպես անընդհատ ու վերահաս «Հիշյա»ով ժամանակ չեն թողուր սրբոց անուններու հիշատակությանը։ «Հիշյա» մը որ այնքան կը նմաներ «չՀիշյա»ի։

Մարգար ախպար կը խոսվի ալ. ո՛չ, աս երկրին մեջ չկար և վերջին հույսով մը կը շարունակե ամեն կիրակի այդ եկեղեցին երթալ, օր մը, անգամ մը գոնե, կատարյալ ու չխռովված արտասանությունը լսելու «Առաքելոց»ին։ Իր արդար ակնկալությունը ի վերև կելլե միշտ. նախանձախնդիր դրսեցին կը գանգատի, կը բողոքե ու կը շարունակե եկեղեցի երթալ, ուր իր խնդրանաց ականջ չեն կախեր բնավ, ու կը խլեն իրմե վերջին պատրանքը իր բնավայրին ու իրեններուն աղոթքի ժամը հիշելու, հոգվով անոնց հետ միանալու պատրանքը որ այս քաղքին մեջ Մագդար ախպոր միակ ինչքն էր, իր միակ երջանկությունը։