Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԷՏԼՎԱՅՍ

Սեղանիս վրա է, մոխրասպիտակ թերթերով ծաղիկը։ Գոց սնտուկներու մեջ՝ ծովով, երկաթուղիով ճամփորդած է և ամիսներով աշխարհ պտտած է իմ ձեռքս հասնելն առաջ։

Խոնջ ու վաստակաբեկ բան մը չկա վրան, իր ձյունադալար անկողնին մեջ ծլածի պես՝ գողտր ու դողդոջուն կեցեր է դեմս, երկու ձեռքով փարած իր դեռաբողբոջ ծաղիկի փափկությանը։

Ցողուն չունի, հյութ ու կյանք չառներ տեղե մը այս եզական ծաղիկը՝ ուրկե Ռիկիի կամ Ցոնկֆրոյի վերելքը փորձող ամեն ալպասեր՝ հատ մը չքաղած վար չիջներ։

Ուշադրությամբ կը դիտեմ այս անբացատրելի հմայքը, այս անթառամ երիտասարդությունը, և մատիս դպչելուն՝ կզգամ որ իր տերևներուն նուրբ թավիշը՝ փայփայանքը սիրող պզտիկ կատուի մը ուսին պես կակուղ է դեռ։

Իր ստվերոտ ճերմակությունը ատեն անցնելով չէ եղծված, ու անայլայլ կեցած է որբևայրիի մը կես սուգին պես, որ վայլելուն համար՝ բնավ չի հաներ վրայեն։

Իր գալուստեն ի վեր իմ քովս, ո՜րքան ծաղիկներ ծնան, բողբոջեցան ու մեռան պարտեզիս մեջ. ամենքը, անկե ի զատ,