Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անցան գացին, իրենց վաղամեռիկ հրապույրներուն սուգը ձգելով սրտիս մեջ. էտլվայսը միայն իր անանց մանկության մեջ է ու պիտի մնա այսպես։

Ու բաղդատությունը ինքնին կուգա մտքիս առջև. որոշում մը տալու, երկուքին մեջ ընտրություն մը ընելու պետքը կզգամ. չէ. չեմ սիրեր այս լերան ծաղիկը, չեմ սիրեր որ ինքը մնա հավիտենական երիտասարդուհին, երբ իր նմանները այնքան շուտ կանցնին կերթան. անիրավ, կոշտ ու հետադեմ կը տեսնեմ անվերջ տևողությունը բանի մը որ իր շուտանցիկ ու խուսափուկ հանգամանքին համար գողտր ու քնքուշ է աչքերնուս։

Եվ կը զայրանամ, մանավանդ անոր համար որ վերջապես պետք է ամեն բան ժամանակի մը ենթակա ըլլա, իր վերջին օրը, ժամն ու վայրկյանը ունենա, և անոր սպասկոտ անձկությամբը տառապի, վախնա, կամ ուրախանա, վերջին էակը չլլա ինք, և մեկը գտնվի որ իրմե ետքը գա և կարենա վճիռ մը տալ անոր դեմ։ Իմ կարծիքովս անմահությունը մահացումներուն էն ահավորն է։

Չափազանց տևողությունն իսկ բանի մը, անտանելի է սրտիս։ Կիներ կը ճանչնամ որ իմ տղայությանս միջոցին մանկատի աղջիկներ էին, ու հիմա ալ դեռ առջի աղջիկները մնալու կը ջանան, հին ատեն ի ծեքծեքումները կը պահեն։ Կանանց էտլվայսներն են անոնք։

Դպրոցական տարիքես կը հիշեմ կարգ մը մարդիկ որ հայ հասարակության մեջ երևցեր էին, հանրային կյանքի մեջ, աղեկ կամ գեշ, գործ մը ընելու երևույթով, և ահա քառորդ դար մը վերջը, միևնույն մարդիկը կը տեսնեմ շուրջս, կանգուն ու երիտասարդ, միշտ գործի վրա։ Ազգին էտլվայսներն են անոնք։

Ու իմ ծաղիկներուս դառնալով ես անոնք միայն կուզեմ, որոնց Սյուլլի Բրյուտոմ վաղաթառամ կյանքը երեսնուն կը զարներ։ Ես իմ մեռնող ծաղիկներս կը սիրեմ, և էտլվայսիս պես տարիներով սեղանիս վրա կեցող բույսե մը՝ հազար անգամ կը նախընտրեմ այդ նուրբ ու թարմ բաները որոնք գույնի մը ո բույրի մը հիշատակը ձգելով կանցնին։