Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փողոցին վրա նայող տան մը պատշգամբին մեջ, լայն ապակիին ետև տեղավորված, աղվոր կնիկներ կը տեսնես երբեմն. հոն են միշտ անոնք միևնույն մաման։ Ձեռքովդ դրածի պես, ապահով ես հոն գտնելուդ այնքան՝ որ անշարժ կարծելու իրավունքը կուտան քեզի։ Ուզածիդ չափ կրնաս դիտել զանոնք ու զմայլիլ վրանին։

Անդին, փողոցին թոհ ու բոհին մեջ, անուշադիր ու մտազբաղ մեկ վայրկյանիդ ժպտուն, արագաքայլ, մանրիկ ոտքերով մեկը կը սահի կանցնի քովեդ հանկարծ, իր անցքը ավելի կզգաս քան թե ատեն կունենաս տեսնելու։ Ու աճապարանքով կը դառնաս, կը վազես ետևեն ու հազիվ կը հաջողիս հեռուն, շատ հեռուն, բազմության մեջ բոլորովին անհետանալեն առաջ, ծոծրակին վրա ոսկեձույլ թումբի մը պես բարձրացու մազերուն ցոլքը նշմարելու։

Ո՞վ է, ո՞ւր է, ի՞նչ է, չես գիտեր, գեղեցի՞կ է գոնե, չես կրնար տեսնել։

Ընդնշմարվող, խուսափող բանն է ան, Երջանկությունն է Անդին՝ անբաժան, մշտակա, շարունակ քովդ ի վեր է մյուսը Վիշտը՝ սա դեմի ծաղկիս պես։

<1898>