Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐԵՐԱՐԸ

Երբոր մինչև վերջին վայրկյանը լավ մը կշտացավ ու հղփացավ այս հարստությամբը ու ինքնիրենը ստուգեց թե ոևէ, վայելք չէր մոռցած իր ծեր անառակի կյանքին մեջ, այս անթիվ ոսկիները ինչ ընելիքին վրա խորհեցավ։

Անհավատարիմ կնոջ մը պես, որ իր չսիրած էրկանը մահամերձին՝ տոնի, ցնծության պատրաստություններ կը տեսնե. կզգար որ իր դեղին ոսկիներն ալ կը խլրտեին, կը շարժեին, անսովոր ձայներ կը հանեին սնտուկին մեջեն։ Իր մահվան անկողնեն որոշ կերպով կը լսեր անոնց ըմբոստ մետաղի խշրտուքը։

Ու ճիգ մը ըրավ, հնազանդության գերագույն փորձ մը ուզելու համար անոնցմե, և իր պլպլացող մտքին տարտամ լույսովը՝ փնտրեց հաճելի բանը, վերջինը, զոր կրնար ակնկալել դեռ այս հարստության օգնութենեն, հրաժեշտի անուշ խոսքը զոր պաշտեցյալ կնոջ մը շրթունքեն կը պահանջես։

Այն ատեն տարօրինակը, անհավատալին պատահեցավ․ աս հնարամիտ ու կենցաղասեր մարդը, որ ամեն բանե օգուտ մը հանելու մեջ իր նմանը չէր ունեցած այսքան տարի, շվարած մնաց, ապիկար ու անկարող գտավ ինքզինքը հաճույք մը ձեռք ձգելու իր ձեռքին տակ եղած ահագին դրամներեն։