Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր հինցած, փճացած ստամոքսը ոևէ համադամ չէր կրնար մարսել. իր ջրոտած, թունավորված արյունը ոևէ բորբոքումի անընդունակ էր ա՛լ. իր պարտասուն և թուլցած ջիղերը հիմա օրհասական ժամին պրկումովը կը գալարվեին, նվագարանի մը մաշած թելին պես, որուն կոտրիլը բութակին անգամ մըն ալ դառնալուն կը նայի։

Այս անկարողության խոստովանությունը խելքը գլխեն տարավ, քովի սենյակին պատեն նախ փսփսուք մը, հետո աղմուկ մը կը թափանցեր, կուգար ներս և վերահաս մահվան երկյուղեն սթափած լսողությունը՝ այդ աղմուկին մեջ իր ժառանգորդներուն ձայնը ճանչցավ։

Ու հանկարծ լույս մը ծագեցավ մահվան արհավիրքով գրավված այս մտքին խորը, իր չար մարդու բնազդը մեկեն արթնցավ, վերջին ավազակության, կողոպուտի մը խորհուրդը իր նեխած ու ողորմելի մարմինը դղրդեց ոտքեն մինչև գլուխը, ուրախության սարսուռ մը վազեց իր մորթին վրա, խորշակին պես որ գարշ ու անշարժ լիճի մը մակերևույթին վրա կը թռչտի։

Եպիսկոպոս, քահանա ու թաղական ուզեց իր քովը, որոնք փութացին եկան, ան ատեն հանդիսավոր ու սրտառուչ ձայնով մը, զոր Սրբազանը վերջեն իր դամբանականին մեջ հիշեցուց, կտակ մր ըրավ ու բոլոր հարստությունը, որ ալ իբր չէր, եկեղեցիին ձգեց։

<1898>