Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԵՐՋԻՆ ԱՐԵՎԱԳԱԼԸ

Այս ժամուն ընդարձակ տաճարը գրեթե պարապ է լայնապարուր գմբեթին տակը. հոս ու հոն անկյուններու մեջ ապավինած սքլած քանի մը մարդիկ, մուրացկաններ, որոնք եկեղեցիին սովորական բարեպաշտներեն, սա մյուս մուրացկաններեն առաջ ներս սպրդած են. հեռուն, սեղանին մոտերը, ազնիվ փայտե քանդակներով շինված բաժանումին ետին ստվերներու մեջ սև վեղարներ, և աջ ու ձախ կողմը երկուքի բաժնված դպիրներ դասին մեջ։

Եկեղեցին սուգի մեջ պլլված է. այս համատարած մթության մեջ՝ խորանին փակչող մեծ ու ճերմակ խաչը իր քառաթև ու կեղակարծ սպիտակության ցոլքովը զինքը շրջապատող արհավիրքը կավելցնե։ Հավատացյալները կուգան մեկ, երկու հատ, վայրահակ գլուխներ բոլոր։

Այս անբարբառ տրտմությունը անխոս ցավերու պատկառանքը ու մեծությունը ունի ու ես, լավ մը դիտելես վերջը որ զիս տեսնող մը չկա ու ապաժաման բարեպաշտությունս ծաղրանքի նյութ պիտի չդառնա, կամացուկ մը կը ծնրադրեմ ահա քարին վրա։