Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանկարծ ձայն մը կը բարձրանա դասեն. Արևագալը կսկսի․

— Հարևելից․․․

Վտիտ ու մանկան ձայն մըն է անուշ, բեկբեկված քիչ մը, որ իր ընդհատումներուն մեջ կերկերանքի մը ձևը կառնե, ու կը պատշաճի այս սուգի տաճարին, սարսուռ մը կը վազե վրաս, դեմեն թավ ու խմուկ ձայն մը կելլե վեր տրտում ու վարանոտ ու ողբը կը սավառնի ամբողջ տաճարին մեջ վիրավոր ու փախստական թռչունի մը պես.

— Նահատակք ճշմարիտք...

Աղոթքին ելևէջներուն հետ՝ հոգիները հավատացյալներուն, որոնց թիվը ավելցած է հիմա, կր տատանին, կը շվարին։

Ո՞վ հնարեր է աղոթքը, ո՞վ մտածեր է առաջին անգամ արցունքե ու հառաչանքե զորություն մը ձևացնել, ինչպես այս բոլոր բարեպաշտները իրենց ամեն կսկիծներուն համար աներևույթ ապավենի մը փարելու հաստատ ապահովությունը ունին։ Եվ մինչդեռ դպիրներու դասերը իրենց երգեցողությամբ եկեղեցին կը թնդացնեն, ես մտքովս կը փոխադրվիմ մեր եկեղեցիներուն մեջ, ուր ամենքը այս վայրկյանիս միևնույն հավատքով վերջին արևագալը կերգեն։

<1898>