Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարծես որ երկիրը գրավել ուզեր իր դյուրահալ ու անբիծ խուժիկներովը։

Ու մենք գոհ, ազատելնուս համար վերջապես անձրևի մտրակումներեն, մեր շուրջը կը դիտեինք անմեղ զմայլումով մը։

Ոմանք դանդաղ կիջնեին վար. հազար նազանքով, կարծես թախանձանքներու սպասումով. ոմանք խուճապի մեջ, ոլորապտույտ ծայրաններ գծելով օդին մեջ. ուրիշներ արծիվի մը շքեղ ճախրանքովը. և այս խոլ արշավին մեջ ամենքը անվնաս կը հասնեին վար, իրենց գգված բուրդե հոյանի թևերը անկապահ գործիքի մը պես ծառայեցնելով վայրէջքին։

Ժամերով եկան այսպես, մեր քովը, մեր շուրջր, մեր վրան տեղալով անընդհատ, ու հեռուն, դաշտը, ճամփան և հորիզոնը բոլոր։

Խորհրդավոր ուղևորներու կը նմանեին ասոնք, որոնք պաշտոն ունեին կարծես շտկելու, կոկելու, հարթելու աշխարհին վրա մակերևույթը ամեն բաներուն, և հատկապես, դյուրացնելու մեր ուղին, և իրոք, սարերն ու հովիտները կը հաշտվեին իրարու հետ և այս միօրինակ ճերմակ փայփայանքներուն տակ քարերն ու լեռները կը կակոպնային։ Եվ սակայն, ցորեկին երբոր արևը ծագեցավ հանկարծ սնդիկե երկինքի մը շղարշին տակեն, մեր շուրջը տարածվող այս մաքուր հարթության ու շքեղության վրա ուղևորությունը վտանգավոր և անստույգ կը դառնար։ Անդունդներն ու գահավեժները պահված էին մենե ու հողին հերկոտիքը ծածկված բոլոր, ճամփուն մատնությունները իր անբծությամբը վարագուրված էին։

Ո՛րքան նախընտրելի էին պարզ հողն ու քարը իրենց աղտոտ տիղմերովը, իրենց մերկապարանոց ելևէջներովը ու ակներև խորտուբորտությամբը, քան թե սա պայծառ ու ցոլացիկ մակերևույթը որ կը պարզվեր աչքերնուս առջև իր անսահման տափարակի խաբեությամբը։


Վարանոտ ու համր գնացքով մը շարունակեցինք ճամփանիս, ու իրիկնամուտին դեռ ոևէ օթևանի նշանը չէինք տեսած։