Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձյունը դադրեր էր ա՛լ. բայց դեմը, հեռուն, մարը մտնող արևին քով ճերմակ ոսկի թիթեռնիկներու տեղատարափ մը կար, ատրաշեկ հալոցե մը թափված հյուլեներ, որոնք բաց դեղինեն մինչև մութ կարմիր գացող ծիրանի գոտիի մը հազար երանգներով բոլոր եզերքը կը կիտվածեին։ Եռուզեռում մըն էր գույնզգույն թիթեռնիկներու որոնց փոքրիկ թևերը կը դժգունեին, կը շիկնեին, կը վառեին, կը մարեին շարունակ հսկա քարայրի մը մեջեն։ Ո՛րքան մոտը գացինք իրենց, նույնքան հեռացան անոնք մենե, միշտ միևնույն անջրպետը պահելով մեջերնիս։

Այս թիթեռնիկները այլափոխիկ խոստումնե՞րն էին կյանքին. անոնք զորս ձեռք երկնցնելուդ՝ ափիդ մեջ կը թվիս բռնել շարունակ, անոնք որ մոռցնել կուտան խոնջենքը ճամփուն, միշտ մերձակա և միշտ խաբուսիկ հանգրվանը, երազված ըղձացված բևեռը, որուն, ահա՛ քայլ մը ևս, և պիտի եղերիս։

Եվ այսպես, երբ ճերմակ թիթեռնիկները կը հարթեին ճամփանիս, ու պատիր ապահովության մը կը ներշնչեին մեզի, այս մյուս կարմիր թիթեռնիկներն ալ մոտավոր հանգրվանի մը խոստումովն ու ձգողությամբը կը պատրեին զմեզ, որպեսզի մեր վերջին ուժերը դեպի իրենց հասնելու ջանքերովը սպառենք։


Ու հանկարծ, գիշերը իջավ վրանիս, երիթամած մթությամբ մը որ կարծես անհամար սև թիթեռնիկներու խուժումովը ձևացած էր։

Մանր ու բյուրավոր չղջիկներ ամենքն ալ, իրենց սև կազե թևերը սարդի ոստայնի մը նման տարածելով մեր շուրջը և մեր վրան։ Ելևէջ չունեին ասոնք, ո՛չ ճախրանք, ո՛չ անկանոն պարույթներ օդին մեջ. այլ լուռ ու խոժոռ էջք մը, դանդաղ բայց միօրինակ, անխափան ու անմաքառելի բան մը. հետզհետե ավելի հոծ և ավելի խիտ կը դառնար բանակը սև թիթեռնիկներուն որոնք, աննշմարելի ու տիտանյան ձուե մը վիժածի