Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեդրաք այս մեծ ու մարդասիրական նպատակին նվիրեց ինքզինքն. իր պատրաստած հատակագիծն ու ծրագիրը բոլորովին պիտի մաքրեին այդ տղմուտ դաշտին վատառողջ ժանտահոտություններն, ու երկրագործին պիտի տային ընդարձակ ու բարեբեր հողեր. Սեդրաքի առաջարկությունը բոլոր գավառին համար կենսատու խնդիր մէր և իր ծրագիրն ամբողջապես ընգունվեցավ. գավառին կառավարիչր Մեճիտիեի չորրորդ աստիճանը խնդրեց այս եռանդուն պաշտոնակալին համար, որ անմիջապես շնորհվեցավ։ Ալ գանգատելու տեղի չի կար. բախտը կսկսեր ժպտիլ։ Իր առանձնության մեջ չէր հուսահատած երբեք, սիրուհվույն պատկերն հոն էր որ զինքը կը քաջալերեր։ Քայլ մ՛ևս և ահա առաջին երկրաչափ պիտի անվանվեր։ Ո՜հ, այն ատեն բաց ճակատով պիտի դառնար Պոլիս ամուսնության խնդրելու իր սիրած աղջիկը. ընտանիքը չէր կրնար դժկամակիլ այլևս։ Երազե իրականության մեջ անցնելու համար այս քայլը միայն մնացեր էր։ Սեդրաք իր աշխատությունը կրկնապատկեր, կառավարության պաշտոնեի մը հարմար հանդարտ գործունեություն մը չէր, այլ հիվանդոտ տենղե մը վարակյալ անձի մը նման կը վարեր իր անտանելի աշխատությունը։ Չորս մարդու գործ էր ստանձներ ու քսան մարդու գործ կը տեսներ. անիմանալի պատերազմ մ՛էր զոր ժամանակը փութացնելու համար կը մղեր ամեն օր. պաշտոնի բարձրացում խոստացեր էին իրեն, բայց վեց ամսեն առաջ չէր կրնար կատարվիլ. ապրիլի վերջն էին. վեց ամիս՝ վեց տարվան չափ երկար թվեցավ իր անհամբեր սրտին։ Եթե զաշխարհ բեռցնեին իր ուսին վրա այս պայմանաժամը կարճցնելու համար, հոժարությամբ պիտի ընդուներ այս նոր Աթլասը։

Մեսաժըրիի Քամպոն երկկայմ շոգենավն, որ այն ատենը Պոլսո և Աղեքսանդրիո միջև թղթատարություն կըներ, իր շաբաթական ուղևորությունը կատարելով մայիսի՝ մեջ կիրակի առավոտ մը Վոսփորի ջուրերը կը մտներ նոր հարսի մը պես քծնելով։ Նավուն կամրջին վրա երիտասարդ ուղևոր մը կը տեսնվի գունաթափ ու դողդոջուն, մակույկներն անմիջապես կը շրջապատեն նորեկ շոգենավն, ասոնց միույն մեջ Տիգրան