Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը գտնվեր որ առանց սպասելու շոգենավին կենալուն, չվաններեն վեր ելնելով դեպի երիտասարդը վազեց ու զայն ողջագուրեց, Տիգրա՜ն, Սեդրա՜ք, այս երկու բառերը միասին լսվեցան ու երկու բարեկամներն արտասվելով իրարու գիրկ նետվեցան. քիչ մատեն հեծկլտանքե ուրիշ բան չի լսվեցավ. արդարև սրտահույզ տեսարան մ՛էր դիտել այս երկու երիտասարդները՝ զոր ճակատագիրն եղբայրութենե ավելի սերտ կապով մը միացուցած էր. «Արիացիր, Սեդրա՛ք», ըսավ վերջապես Տիգրան վեր առնելով ու համբուրելով իր բարեկամին դալկահար ճակատը. «Ճշմարի՛տ է ուրեմն», հարցուց տարաբախտն հազիվ լսելի ձայնով մը։

Տիգրան լի պատասխանեց, այլ տոմս մը միայն նետեց ուղևորին ոտքը։

Տիկին և Պ. Ք. պատիվ ունին խնդրել... որ հաճին ներկա գտնվիլ այս կիրակի առավոտ իրենց Սուրբիկ դստեր Վսեմ. Արամ էֆենտիի հետ պսակման արարողության որ պիտի կատարվի Քատրգյոսլի ս. Թագավոր եկեղեցվույն մեջ:

Ահա ինչ որ ուղևորին շվարած ու նսեմացած ակնարկը կարդաց այս հեշտաբույր ու ոսկետառ տոմսակին վրա։ Ստույգ էր ուրեմն այն անհավատալի գույժն. և ինքն երեսի վրա թողլով իր պաշտոնն, առանց վայրկյան մ՝սպասելու վազեր և հասեր էր այն օրն հազիվ հորում Սոլրբիկ պիտի պսակվեր։

Քատըգյուղի ս. Թագավոր եկեղեցին քառակուսի, պզտիկ ու գեղեցիկ շենք մ՝է և հոյակապ մարդու մը առատաձեռնության արդյունք։— Խուռն բազմություն մը եկեղեցվույն ամեն կողմը կանուխեն գրաված է. բակը, բանկալը, խորհրդարանին մեջ անգամ կենալու տեղ չի կա. հետաքրքիր ամբոխն հրավիրելոց մուտք անգամ թողած չէ։

Ժամը վեցն է. հանդիսին տերերն հրավիրյալներուն հետ հասան ու անանցանելի մարդկային պատնեշե մը թափանցելով հաջողեցան եկեղեցին մտնել, պսակի արարողություն կա. հանդիսականներուն մեջ կը նշմարվին Պոլսո առևտրական տանը գլխավոր ներկայացուցիչները, դատական իշխանության անդամներ և հայազգի բարձրաստիճան պաշտոնատարը, փեսան