Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՇԻՇԼԻԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ

ՄԵՌԵԼՈՑԻ ԿԻՐԱԿԻՆ

Վերեն վարր խաչաձևված է մաքուր ու աղվոր ճամփաներով։ Տեղ տեղ մարմարե կառուցումներ աչքի կը զարնեն ձյունե դեզերու նման զորս գարունը անտեսած է գուցե։

Պզտիկ քառակուսիներուն մեջ գետինը դահանակի շլացուցիչ փողփողումովը կը խայտա, այնքան տարօրինակ կերպով հզոր է դալար բողբոջումը, որուն մեջ երբեմն ծաղիկ մըն ալ, երիցուկը ընդհանրապես, իր խայտուցը կը դնե։

Դրախտի մը մեջ եմ որ, Վիքթոր Հյուկոյի ըսածին պես, դժոխք մը կը ծածկե։

Մինակս կը հառաջանամ ուղիներուն մեջ, տեղ տեղ ուռեցվորած հողերը, այս հետադարձ ծոցվորումները դիտելով. ամեն քայլափոխիս տեսարանն ալ կը փոխվի, փողոցները կը տարբերին, մարդիկն ալ հարկավ։

Կյանքի պայքարը, անիրավ կարգն ու սարքը, կացն ու նիստը, ընկերային ամեն վեճերը մեկ բառով, զարմա՜նք, հոս են ամբո՛ղջ, կատարյա՜լ այս մահվան միայնության մեջ։

Հարգի թաղերը զատ են և պուլվառներու հողերը թանկագին. անդին նեղ ճամփան կամ վարուն արահետը և ավելի անդին՝ այն տեղը որ ամենունն է և ոչ ոքինը։ Վերինը, Միջակը և