Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ստորինը ուրեմն, զարհուրելի երրորդությունը հոս է նորեն, իր պառակտումներով ու չսպիացող վերքերովը։

Հարուստին և աղքատին մշտնջենական կռիվը այս լռության մեջ ալ կը լսվի, մունջ բայց որոշ ու հստակ բողոքով մը:

Կալվածական դրությունը, «իմս»ի, «քուկդ»ի տարբերությունը հոս է. անջատումները՝ ավելի կտրուկ, վիհերը՝ ավելի լայն բացված, միությունները՝ անկարելի։

Տեղ մը միայն, ուր ես իմ մասիս պիտի ուզեի հանգչիլ, եղբայրակցությունը կատարյալ է և գիրկընդխառնումը ճշմարիտ. հոն ուր լացերը ու սուգերը շեղջակույտերով կը լեցվին, հասարակաց փոսին մեջ։


Հոս, հոն տերտերներու կը հանդիպիմ, քանի մը այցելուներու հետ, որոնք կերթան այս կամ այն գերեզմանին վրա աղոթք մը ըսելու... դրամի փոխարեն, շահավետ օրն է այս կսկիծի օրը։

Եվ անոնք որ իրենց սիրելիներուն վրա աղոթք մը ըսել տալու դրամ չունին...

Փարիզի մեջ, ամենեն ցնծահույզ և խնդամոլ ոստանը աշխարհիս, բոլոր քաղաքն է որ, Մեռելոցի կիրակին, գերեզմանատունները կը լեցնե, ծաղկի դեզերու տակ ծածկելով շիրիմները. այդ օրը Ֆրանսա իր մեռելները միայն մեծարելու նվիրած է։

Մեր պարապ ու ամայի գերեզմաննոցին ցանցառ այցելուներուն կը հետևիմ։ Ցավերու վերհիշումներով սփոփանք փնտրող այս մարդիկը կը նմանցնեմ անոնց որոնք խարանի մը կիզումեն վերքի մը դարմանումը կակնկալեն։

Հանկարծ, աջիս մարմարե կիսարձան մը, իր թմթռկած ու անհաճո ծերունիի երեսովը, մանր ու խոնջ աչքերուն մեջ սառած նայվածքովը որ իմինիս վրա կը սևեռի, կը պահանջե որ իրեն նայիմ։ Կը մոտենամ, ազգային վաստակավորի մը, ոևէ բարերարի մը անունը կը փնտրեմ և ծռած, ոսկի վերտառությունը