Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԵՌԻՆ ՏԱԿ

Հիմակվան պես միտքս է, ամառվան տաք ցորեկ մըն էր, հալած կապարի պես հրատապ մթնոլորտով մը որ շնչառությունը անկարելի կը դարձներ։

Երեք հոգի, երեք բեռնակիրներ քամակնին ծռած կը հառաջանային քով քովի, համր բայց տոկուն քայլափոխներնուն տակ դղրդեցնելով Ղալաթիո կամ ուրշին երկաթե լուծքը։

Իրենց կորովի մեջքը կքող, զիրենք կես-մարդերու վերածող բեռերնին չնչին ու աննշան կը թվեին, և զարմացա հեռուեն այս առույգ մարդիկը ընկճված տեսնելով մեյ մեկ փոքրիկ տոպրակի ծանրության տակ։

Մոտեցա, պաշտոնյա մը կընկերանար իրենց և օձիքնուն վրա փակցված ճերմակ մետաղի սկզբնատառեր՝ այս մարդոց Օսմանյան Պանքային բեռնակիրները ըլլալը կը հայտնեին։

Հիմա կը բացատրվեր գաղտնիքը. ոսկվո պարկեր կը փոխադրեին այս բեռնակիրները իրենց ուսերուն վրա, և իսկույն կըմբռնեի տարապայման ծանրությունը այն պզտիկ բեռերուն։

Եվ կամուրջին բոլոր երկայնքին վրա համառ ու աշխատասեր մրջյուններու պես երթևեկողներուն բազմությունը փողոցներուն, հրապարակներուն վրա լեցված բոլոր մարդիկը