Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երևակայությանս առջև եկան մեջքերնին կքած քիչ շատ ամենքն ալ, այս երեք բեռնակիրներուն պես, ավելի կամ նվազ ծանր ոսկվո անտեսանելի բեռի մը տակ։


Քովես, ուղիղ, կորովի դեռ իր վաթսուն տարիներուն հակառակ, քրտնաթոր ու շնչասպառ մարդ մը, որ Պոլսո մեծագույն սարաֆն էր թերևս, անցավ, ճերմակ թաշկինակովը սրբելով իր կնճռոտած ճակատը. հակառակ իր շիտակ ու ամբարտավան քալվածքին, իրոք, զինքը ավելի ընկճված, ավելի նկուն տեսա այն ոսկիներուն բեռին տակ որոնց տերն էր այս ծերունին։

Իր պատանության օրեն երևակայեցի զինքը ծռած, ուսին վրա շալկելով ոսկին, տանելով շարունակ իր կյանքին բոլոր երկայնքը, չհամարձակելով դպիլ երբեք անոր, իբրև թե՝ աս երեք բեռնակիրներուն քովը կեցողին պես ոսկիին վրա հսկող պաշտոնյա մը իր ամեն քայլերուն հետևեր, այսպես, տարիներու հոլովումներով անտրտունջ, թերևս ալ երջանիկ, հասած, եղերած էր գերագույն եզերքը որ ծերություն կը կոչվի։

Ագահությունը միշտ ավելի վար, միշտ ավելի ցած իջե ցուցած էր այս մարդուն խրոխտ ու բարձրավիզ երևցող գլուխը, և սա գացող երեք համալներեն ավելի գետնամած ու գետնաքարշ անցած դարձած էր միշտ կյանքին ամեն ճամփաներեն։

Ու շատ մը անցորդներ ոչ նվազ կորաքամակ էին հարկավ, ոսկվո բեռը, անձկությամբ լեցուն բեռ մը, ամենուն ալ մտքին և հոգվույն մեջ կար, եթե ոչ ուսերնուն վրա։ Եվ անոր ծանրության տակ, այդ սիրտերը ու հոգիները կքեր, ծռեր, բաժնվեր էին իրենց նախնական շիտակութենեն. ոսկին՝ որ մարդիկը բարձրացնելու պետք էր ծառայեր, ընդհակառակը զանոնք կընկճեր, կը խոնարհեցներ և ո՞վ գիտե Ղալաթիո կամուրջին վրայեն անցնող սա երեք բեռնակիրները թերևս խորհրդանշաններն էին նյութապաշտ մարդկության։

<1898>