Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քառասնամյա պաշտոնակալ մէ՝ որ վայելչապես կը կրե մյութեմայիզի ոսկեճամուկ համազգեստը. հարսն հագած է սպիտակ կռոնե երկար շրջազգեստ՝ հարսանեկան թափանցիկ շղարշով ու իր կոհակածուփ մազերով ծածկված. դյուրին է նշմարել բարեձև հասակ մը, նեղ, նեղ, ափի մեջ ամփոփվելու ու ճզմվելու չափ նեղ մեջք մը որ թավալուն, հպարտ ու շլացուցիչ կուրծք մը կը կրե, ճակատ մը անամպ արշալույսի պես պայծառ, աչքեր սև ու խոշոր որոց վրա շուք կուտան իր երկար բիբերը, բերան մը գարնան վարդի պես թարմ ու կարմիր. քիթն ուղիղ, ռունգերն ուռած, թափանցիկ, դյուրահույզ ու հրապուրիչ. սպիտակ ձեռնոցներ մինչև թևերը կերկարին ու երևան կը հանեն անոր քնքուշ ու աննմանելի գիծերն, ու նույնպես ճերմակ սնդուսե կիսակոշիկներ կը սեղմեն անոր փոքրիկ ոտները։ — Տասնևյոթը տարեկան կա այս աղջիկն, այս մեհյանին մեջ ճշմարիտ դիցուհին՝ որ կիշխե բոլոր հավատացելոց վրա։

Պսակի արարողությունն սկսավ, մահվան ողբերու նման տխուր երաժշտությամբ մը. միշտ խորին տպավորություն մը հառաջ կը բերեն այս տխրանվագ աղոթքներն. ապստամբ միտքը պահ մը կընդարմանա ու հոգին հմայության մը ներքև կը վերանա ու անմատչելի երկնագավառներու մեջ կը սավառնի. բարեպաշտ լռություն մը կը տիրեր, պսակադիր քահանան ձայնը բարձրացուց ու փեսին դառնալով՝ «Տե՜ր ես այս օրիորդին», ըսավ հանդիսավոր հարցումը կրկնելով. «Այո», պատասխանեց փեսան գլուխը խոնարհեցնելով. «Եվ դու հնազա՜նդ ես, աղջիկս», ըսավ քահանան օրիորդին ուղղելով խոսքն, աղջիկը վեր առավ գլուխն... երկու սլաքներ, ո՛չ, երկու հրացայտ շանթեր պատահեցան իր մոլորյալ ակնարկին, բողոքող, սպառնացող, որոտացող ձայն մը կարծեց լսել, նենգավո՜ր բառը կարծես ականջին զարկավ, աչքերը մթագնեցան, խուլ բժժանքով ականջը լեցվեցավ ու դեմքը մահատիպ թալկություն մը գրավեց. Սեդրաք իր բարկացայտ նայվածքը աղջկան վրա սևեռեր էր։

Սեդրա՜ք, անշուշտ իրական բան մը չէր կրնար ըլլալ ասի, այլ արհավրալից տեսիլ մը զոր իր խռովյալ խղճմտանքը միայն արտադրած էր։ Սեդրաքի ներկայությունն անբացատրելի