Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբ մեխակ մը, կամ հասմիկ մը քաղես։ Բիրտ ձեռքով կը զատես զայն իր ցողունեն, ո՛չ իր տեսքին համար կրնաս ժաքեթիդ լամբակին անցընել, ո՛չ իր հոտին համար քովդ պահել զայն։ Իր ծաղիկի կոչումը ոչինչ է։

Բայց ավանդական հարցուկն է ան զոր տղա տարի քեզ ճանչըցած ես, փետրտելով հեք պզտիկ թերթիկները «Ապրիմ-Մեռնիմ»ին, հաճոյակատար քուրմը՝ որ դեմդ կեցած շարունակի «Պիտի ապրիս» պատաս խանած է քեզի։

Երիտասարդ, սիրտդ բացած ես իրեն, իրմե հասկնալու համար ճշմարիտը ու ստույգը այն սիրո խոսքերուն զոր պաշտված էակ մը փսփսացած է ականջդ ի վար։

Անկյուն մը քաշված, տենդոտ ձեռքով սկսած ես փետրտուքը, «Կը սիրե զիս, Շատ կը սիրե, Բնավ չի սիրեր»ի անվերջ ու դարձդարձիկ հոլովումը։

Ու չափահաս մարդ, հիմա՛ ալ կակնկալես, դրական ու շոշափելի օգուտը կը փնտրես իրմե, այն միայն զոր կրնա տալ, հաջողության կամ ձախորդության հաշիվներուդ պատասխանը, իբր թե նորօրինակ աղյուսակ մը ըլլար այս պզտի ծաղիկը, ու ակնդետ կը հետևիս «այո»ի «ոչ»ի փոխն ի փոխը անվերջ հակասություններուն, որով իր ողորմուկ պորտին շրջանը կընես հետզհետե մերկացնելով զայն իր ճերմակ փշփշանքեն։


Աղջիկներ կը ճանչնամ, շնորհազուրկ արարածներ որոնք, սիրո ու ըղձանքի առարկաներ չըլլալնուն համար կարծես, կին համարվելու իրավունքը կորսնցուցած են. այրեր են անոնք որոնց հետ էրիկ մարդ մը ինքզինքը հարկադրված չզգար հետևելու լեզվի կամ վարքի պատշաճություններով, որոնք պարտավորիչ են կնոջ մը հանդեպ։ Անոր հետ կը խոսի ամեն նյութի վրա բացահայտ կերպով, առանց վերապահումի, առանց կիսավարտ բառերու կամ թերասքող պարբերություններու։

Ամեն վիշտ կրնա պատմվիլ իրենց, անոր համար գուցե որ անոնք վիշտ ունենալու իրավունքը չունին. տեսակ մը բժիշկ են որոնց ամեն հիվանդությունները կը զրուցվին առանց ամոթի