Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և առանք դարձվածքի։ Կամ թե քողընկեցիկ կիներ են որոնք կարգ մը մարդիկ կերթան, իրենք սիրո քավերը բացատրելով, խորհուրդ ու դարման հարցնելու համար։

Ու այդ աղջիկները հոժարակամ կընդունին այս խորհրդատուի, տեսակ մը մխիթարիչի ապերախտ ու վիրավորիչ պաշտոնը, քեզի հետ մեկ կըլլան քու սիրած կնոջդ վրա հիանալու համար, երբոր դուն անոնց զմայլանքին կը ներկայացնես քու կուռքդ, համրելով անոր բոլոր հրապույրները։ Սև սաթե մազեր, պայծառ ու միանգամայն վրդովիչ նայվածք, հասակ մը արքենի որ շուք կը ձգե իր շուրջը, իր պատմուճանին շքեղությունը, իր ոտքին նուրբ պճեղները որոնք շրջաղգեստին հանդրիճումեն կը տեսնվին, գուշակել տալով ամենեն շնորհալի պարույթը մարմնական գիծերու։

Եվ անոնք, անխռով, մտիկ կընեն քեզի, իրենց ներսեն ընելով ահավոր բաղդատությունը իրենց ողորմուկ անձին հետ։ Իրենց նկուն մարմինը, ավերակ դեմքը, փոքրիկ ու անլույս աչքերնին, վար թափվող շրջազգեստնին վրանուն, ասոնք բոլորը կը բաղդատեն քու ցույց տված լուսաշող պատկերիդ հետ. ու արիությունը կունենան, փոխանակ անեծքով մը վռնտելու զքեզ քովերնուն, կարեկցելու քեզի։


Ո՛րքան շատ օրինակներ կը հիշեմ այն բիրտ խրոխտության որով մարդ մը՝ ուրիշե մը, սովորաբար ինկած ու ողորմելի էակե մը, չի քաշվիր օգտվելե, շարունակելով հանդերձ զայն արհամարհել։ Իրավունքի մը պես կը պահանջե, կառնե անկե էն չնչին օգուտը զոր անիկա կրնա տալ, ընկճվելով դեմինին բրտությանը տակ. երևակայեցեք գինի շինող մարդիկ որոնք խաղողը իրենց ոտքին տակ ճզմելով՝ անոր հոգին կը քաշեն կառնեն։

Ու գանգատի գաղափարը իսկ չի գար այդ քամահրված էակին միտքը, իր պարտքը վճարելու պես հեգությամբ կը խոնարհի իր ճակատագրին առջև որ «Ապրիմ—Մեռնիմ»ին ճակատագիրն է։