Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամեն տարիք ու ամեն հասակ պիտի ծռի փրցնելու ու իսկույն փետրտելու համար զայն։ Հետո անոր դեղին աղտոտ ու մերկ կոճակը պիտի մնա միայն, մեջտեղը, գետինը, ոտքի տակ, ասոր կամ անոր գարշապարին տակ սղմվելու համար, հերատուկ կիներու պես։

Շատ կը հանդպիմ անոնց, փետրտածներուն, իրենց ճերմակ փշփշանքը կորսնցնողներուն։

Երբեմն էրիկ մարդիկ են անոնք, պատանիներ՝ երազնին թողած, երիտասարդներ՝ իրենց հույսերը լքած, աշխարհ մտած առջի օրերնուն։

Երբեմն ալ կիներ, կույսեր, որոնք այրերը չի ճանչնալնուն համար կը տառապին, իրենց շնորհները կը թողուն, և արամբիներ որոնք այրերը ճանչցած ըլլալնուն համար իրենց հրապույրներեն կը մերկանանք — բոլորն ալ փետրտած «Ապրիմ — Մեռնիմ»ներ։


Ես սիրած եմ միշտ այս «Ապրիմ-Մեռնիմ» անունը։ Կյանքի ու մահվան այս քովքովիությունը, այս եղբայրությունը սիրած եմ։ Քով քովի, ու թե որ կուզեք, իրարու մեջ անցած, ազնիվ թաշկինակներու անկյունները բանված սկզբնատառերու պես։ Այդ գիրկընդխառնումը, մեկ բառի մեջ ամփոփված, բոլոր աշխարհը չի՞ ձևացներ միթե։ Ըլլալ ու չըլլալու հարցը չէ՞ ան, ռամիկ ու աղետավոր հարցը որ ամեն առարկայի վրա դրոշմված է։

Ամեն անգամ որ կը քաղեմ քեզի, ով պզտիկ դեղին ծաղիկ, կը հիշեցնես ինծի այն ահավոր մերձավորությունը զոր քու անունդ կը կազմե. «Ապրիմ - Մեռնիմ». երբոր ամեն տեղ Կյանքը կը ջանա ըստ կարի խուսափիլ, հեռու կենալ Մահեն, քու վրադ միայն երկուքն ալ իրենց ճշմարիտ ու պատշաճ տեղը կը գտնեն։ Այն քաղաքին պես որ իր գերեզմաննոցը իր ծոցին մեջ զետեղած է՝ փոխանակ հեռուն, շատ հեռուն, անտեսանելի անկյուն մը տանել դնելու, դուն ալ Ապրելուդ մեջ Մեռնիլդ պարփակած ես։

<1900>