Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լքումեն աղեկ էր եթե երբեմն անով սուրճ մը խմվեր. առի տու տարի զայն։

Հոն՝ ավելի բախտավոր չեղավ, նյութերն ալ մարդոց կը նմանին քիչ մը. իրենց ճակատագիրն ունին. ոչ ոք երեսը նայեցավ աս խեղճ սկահակին, մեկ հատ մըն էր ու նմանը և օրինակը չկար, որպեսզի օրական գործածության մեջ ընդունվեր։

Պարզ զարդի համար տեղ մը դրինք, քանի մը օր վերջը հոս ու հոն նետվեր էր. անգամ մը պզտիկ զավկիս ձեռքը տեսա. հետը կը խաղար, ու ժամանակ կանցըներ. օրին մեկն ալ ձեռքեն վար ինկավ, կտոր կտոր եղավ։


Անցած օր անոր պզտիկ պնակը ձեռքս անցավ. սրտի նեղության մեկ վայրկյանիս, անդր նուրբ գծագրություններն ու գունագեղ կիտվածները կը զննեի. ստուգի՛վ գեղեցիկ արվեստի մը հրաշակերտն էր. գիծերուն շնորհալի ընդելուզումները, նկարեն երանդներուն գիրկընդխառնումները ուշադրությունս գրավեր էին. հանկարծ իրար փաթթված երկու տառեր նշմարելի, վրան արքայական զինանշանով, ճիշտ դիմացի կողմ, շրջանակին, միևնույն զինանշանը ու միևնույն սկզբնատառերը։

Այս տառերը ֆրանսերեն L և P գիրերն էին, և ահա լույսը իսկույն ծագեցավ մտքիս մեջ. Լուի-Ֆիլիփի կը վերաբերեր այս սուրճի սկահակը իր պնակով. Սեվրի արվեստարանին նշանին քով Ֆոնթենեպլոյի դղյակին անունն ալ կար գրված, զոր հիմա կը նշմարեի։

Ա՛լ տարակույս չկար։ Ֆրանսայի թագավորինն էր ասիկա իր զարդարուն ու նրբակերտ հորինվածքը բավելու էր արդեն, ճանչցողի մը համար, մեկ նայվածքով ճշտելու թե ասիկա սովորական մահկանացուի, հատուկ բան մը չէր կրնար ըլլալ։

Եվ հիմա որ կոտրած փշրված էր այդ խեղճ սկահակը, որուն արժեքը չէի կրցած ըմբռնել, երկար տարիներ մնացեր էր քովս, ձեռքիս տակ. հիմա ո՜րքան կը զղջայի ըրածիս վրա.