Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ո՞րչափ կը կշտամբեի ինքզինքս՝ քիչ մը հոգ և ուշադրություն չդարձնելուս համար արվեստական ու պատմական այսքան թանկագին բան մը հասկնալու և պահպանելու։


Այս պզտիկ դեպքը կը թելադրե ինծի կարգ մը խորհրդածություններ, որոնք այս տողերը կարդացողներուն միտքն ալ պիտի գան հարկավ։

Ընդհանուր կանոն մըն է որ մարդիկ իրենց կենդանության մեջ չճանչցվին ու չգնահատվին անոնցմե, որոնց քովն ու մոտը ապրած են շարունակ, մահը, անդարձ կորուստը պետք է գա՝ որպեսզի անաչառ դատաստան մը ու արդար վճիռ մը ընել կարելի ըլլա, գերեզմանին անջրպետը պետք է՝ որպեսզի մեր ակնարկը կարենա ճշտիվ տեսնել գիծերը այն դեմքերուն որոնք անոր մյուս եզերքն անցած են հիմա, անոնց վերադարձին անկարելիության համոզումը պետք է մեզի, որպեսզի կուրցած աչվընիս բացվին ճշմարտության, ու զիջանինք խոստովանելու և հրապարակելու անոնց առավելությունները՝ որոնց վրա անգիտակցաբար գուցե չզչարեինք, ցորչափ կենդանի էին անոնք։

Կը խորհիմ որ բարեկամությունները, անձնվիրություններն ալ ասանկ են շատ անգամ, ոչ ոք ամենադույզն արժեք մը կուտա այն սրտերուն, որոնք հոժարափույթ ու լուռ հավատարմությամբ իրեն կսպասեն, ու հարկ է որ այդ սիրտերը խորտակվին, որպեսզի կորուստին մեծությունը կարելի ըլլա զգալ և չափել։

Այսպես պատահեցավ իմ սուրճի սկահակիս համար ալ. ես զայն ճանչցա... կոտրելեն ետքը։