Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԻՐԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏԵՆ

Պոլիս բնակող ֆրանսացի մեկ բարեկամս, որ այս պահուս պատերազմի դաշտին վրա կը գտնվի, ատեն ատեն քանի մը տող գիր կը ղրկե ինծի։ Բան մը չըսեր պատերազմական գործողությանց մասին որոնց վրա ոևէ տեղեկություն տալը արգիլված է, իր խորհրդածությունները կը հաղորդե ինծի ներկա պատերազմին առթիվ, անոր սկզբնապատճառներուն, վերջնական հաղթության որ կողմին մնալուն և հառաջ գալիք հետևություններուն մասին կարծիքներ կը հայտնե, գուշակություններ ալ կընե, որոնք շատ անգամ շահեկան են։

Այս նամակներուն մեջ կանոնավորություն և կապակցություն պետք չէ փնտրել։ Մինչև անգամ տեղ տեղ հակասություններ ալ կրնան տեսնվիր որոնց աչք գոցելու է։ Այս վերապահությամբ այդ գիրերը Ազատամարտի ընթերցողներով պիտի ներկայացնեմ հետզհետե։


Ա. ՆԱՄԱԿ

Չորեքշաբթի օր մը մեկնեցանք Կոստանդնուպոլսեն ուր Պիզանսն ու Սթամպոլը գիրկընդխառն կապրին հինգ դարե ի վեր։ Արևելքն է ան, միշտ պայծառափայլ, երբեմն արյունաներկ։