Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես դեպի Արևմուտքս կերթամ. կարմրցող, զարհուրելի կերպով կարմրցող Արևմուտք մը։

Ճամփորդության բոլոր տևողության միջոցին՝ լավ մը դիոեցի սա Միջերկրականը, որուն վրա գերմանական ակնկալությունները կը թռվռան, խորհեցա որ այս ծովին տիրապետումն է այսօրվան պատերազմին սկզբնապատճառներեն մին։ Միտքես չելլեր Վիլհելմ Բ-ի խրոխտ dictonը։

Եմ կայսրությունս ծովերու վրա է։

Ան՝ որ առարկան է այս ըղձանքներուն՝ անգիտակից կը թվի իր ճակատագրին համար ծրագրված խորհուրդներուն, իր նվաճումին համար թափվելու պատրաստ արյունին։ Ան կը շարունակե իր կապույտ բեհեզի գգվանքովը և շոգենավնուս կուրծքն ու պարանոցը զարդարող սպիտակ փրփուրե մանյակովը մեր աչքերն հմայել։


Բ. ՆԱՄԱԿ

Կազմ և պատրաստ կեցեր եմ. համազգեստս հագած, հրացանը ձեռքս, պայուսակը ուսիս։ Թե որ զիս տեսնես՝ չպիտի ճանչնաս։ Եվ ի՜նչ է պատերազմը՝ եթե ոչ անճանաչելի դառնալը մարդուս։

Ասանկ ժամու մեջ է որ հանկարծ մարմին կառնե, շոշափելի կըլլա խորհրդավոր և անտեսանելի թելը որ մարդս դարերու հոլովումին երկայնությամբը իր ցեղին իր հոգին կը կապե։ Այս պահուս ես դադրած եմ առանձին գոյություն ունենալն, իմ ազգիս հոգին է որ կապրի իմ ներսս. որչափ որ տևե պատերազմը՝ ես անով պիտի ապրիմ, պիտի տառապիմ կամ պիտի հրճվիմ։

Ասանկ վայրկյաններու մեջ է նաև որ մարդուս տեսությունը ամեն արգելքները կը թափանցե, տեսակ մը ռեոնթկենյան ճառագայթ՝ որ բոլոր թանձրություններեն կանցնի, հեռուն, շատ հեռուն կը տեսնե... Ստուգությունները։

Առաջինը՝ որ պայծառապես կը ցոլա աչքիս առջև, այն՝ որ մղվելիք երկար ճակատամարտներու վրայեն կը գծագրվի դեմս, հորիզոնին վրա՝ Միլիթարիզմի բնաջնջումն է Եվրոպայեն։