Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր։ Այն վայրկենին իսկ ուր նոր ուխտով մը ավելի հին, ավելի նվիրական ուխտ մը կը դրժեր, ճիշտ այդ վայրկենին երիտասարդին նայվածքը մահատու դաշույնի մը պես շողացեր էր աչքին, թե որ ապտակ մը ուտեր, հոժարակամ պատրաստ էր ներելու, այլ այս անխոս ներկայությունն այնչափ ավելի նախատալից թվեցավ որչափ լռին ու իրավացի էր։

Մարդս ամենեն ավելի անիրավ եղած ատենը կը բարկանա. նույն բանը պատահեցավ Սուրբիկին. կանացի սիրտն անհատակ ու անքննելի վիհ մ՛է. ճշտիվ չէ կարելի անոր հոգվույն վիճակն հաստատել. Եվ սաչափն ստույգ է որ ուրիշի մը հետ ամուսնանալ որոշելով հանդերձ՝ Սուրբիկ իր վաղեմի բարեկամը հավիտյան կը սիրեր։ Անոր հեռացումն ու տաժանելի վիճակն իր գթությունը շարժեր էր, և սերը տարօրինակ երևույթ մը կզգենու երբ գթության կը միանա, տեսակ մը շնորհ կը դառնա որ տվողին բարի կամեցողության ձգված է. սերը չի մուրացվիր այլ կը պահանջվի. ողորմություն մը չէ այլ տուրք մը։

Երիտասարդին վիճակն աղջկան մոտ ավելի պաշտպանության զգացում մը հառաջ բերած ու այս կերպով իր սերը պարտականություն մը լինելե դադրած էր առանց անհետանալու. մյուս կողմե իր ընտանյաց ճնշումն որ բռնության մոտեցած էր, իրեն խոստացված ամուսնույն բարձր դիրքն ու պզտիկ փառասիրության զգացում մը ամենքը միացեր էին հեռավոր անձի մը տված խոստումը մեկդի ընելու։ Բայց այս հանկարծական վերադարձն հաշվի մեջ չէր. ինչպես ըսինք Սուրբիկ իր մանկության տարաբախտ ընկերը միշտ կը սիրեր, զայն տեսնելուն հիմար փափագ մը ունեցեր էր անոր գիրկը նետվելու արտասվելու, բայց առանց կանխավ իրմե ո՛ևէ բացատրություն խնդրելու՝ անոր այս հանկարծական ներկայությունն, հրապարակավ զինքն ամոթահար ընելու անողոք փորձ մը ու թշնամանք մը նկատեց և իր բոլոր սիրույն հակառակ զինքը նվաստացնելու այս ջանքը խիստ ծանր եկավ իրեն։ Ինքնիրեն երիտասարդին համար մեծ զոհողություններ ըրած ըլլալ կը կարծեր ու դիմացինն ապերախտ համարեց այս թշնամության ցույցին համար ու այլևս ամեն բարեկամություն