Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թեթև զառիվայր՝ առջևնիս կը տարածվի, տեղ տեղ ուղղագիծ բարտիներով վարագուրված. այստեղ կռվեցանք գիշերը. պզտիկ վայրի մանիշակներ իրենց ցողաթուրմ լանջքը բացեր են։ Այստեղ կը քնանան անոնք որոնք մեյ մըն ալ չպիտի արթննան. բարտիներու մեղմ սոսափյունը անոնց հավերժական քունը պիտի օրորե։

Երիտասարդներ բոլորն ալ, անոնց դեմքին վրա աներևութացեր է ատելությունը որով իրարու դեմ խոյացեր էին։ Քով քովի, եղբայրական քունով մը կը քնանան թշնամիները և երկուստեք թափված արյունի առուներեն մեկ վտակ մը միայն ձևացեր է որ անշշուկ կը հոսի ահավասիկ։

Համլեթի մեռելաթաղին պես ամեն դիակի առջև իմ մտածումներս ունիմ. ի՜նչ պատկեր, ուհլան մը իր պրկված ձեռքին մեջ սեղմեր է լուսանկար մը որ իր մորը ըլլալ կը թվի. ուրիշ մը՝ թևը գլխուն բարձ ըրած՝ երկնրեր է, անփույթ կարծես շուրջը անցած դարձածին, սա զինվորը երկինքը կը դիտե իր մեծաբաց անլույս աչքովը։

Մերինները մեկ կողմ, թշնամին մյուս կողմ հավաքեցինք ու երկու մեծ փոսերուն մեջ լեցուցինք զիրենք։ Կյանքի մեջ դեմ առ դեմ՝ մահվան մեջ ալ անանկ մնացին։


Ե. ՆԱՄԱԿ

Որքան ճշմարիտ է Պահանջի և Մատուցումի օրենքը. ուրիշ ատեն հազվագյուտ են անձնազոհողությունները կամ վտանգի արհամարհանքը, կը հիանանք անոնց վրա. մեծ վարձատրություններու արժանի կը դատենք զանոնք։ Հիմա ամենօրյա ու սվորական բաներ են որոնց վրա նայող չկա, այն չքնաղ ու թանկագին ծաղիկներուն նման որոնք ջերմոցներուն մեջ անհուն հոգածությամբ կը պահպանվին և իրենց տեղվույն վրա, այրեցյալ գոտիի տենդոտ բուսականության մեջ արժեքնին կը կորսնցնեն։ Զարմանալի չե՞ս գտներ որ բոլոր բարբարոս բնազդները արթնցնող Պատերազմը միևնույն ատեն բոլոր վեհանձն զգացումներու ասանկ ճոխ հունձք մը պարգևե մեզի. ի՞նչ ընդդիմամարտ հավաքածո մըն է ասիկա։ Այսպիսի