Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորհրրդածություններ կը պաշարեն միտքս. կամքես վեր է հեռացնել զանոնք ինե. ամեն քայլափոխիս կը հետևին ինծի իբրև ավելի հավատարիմ ընկեր քան այն հրացանը որ ուսիս վրա կը կրեմ։

Լիեժեն լուր չունինք. իր դյուցազնական դիմադրությունը ընկճեցա՞վ արդյոք թշնամի ուժերու գերազանցության տակ, ասպետական վահանը զոր Պելճիքան բարձրացուց մեր թշնամիին դեմ։ Լիեժ, հրեղեն ու բոցավառ անուն որ մշտնջենապես պիտի լուսավորե աղջամուղջը որուն մեջ խորասուզված կը թվի մարդկային Խղճմտանքն ու Գիտակցությունը։


Զ. ՆԱՄԱԿ

Հաճախ ճամփորդած եմ Գերմանիա, անոր լեզուն կը խոսիմ, անոր մեծ մատենագիրները ծանոթ են ինծի, անոր գիտական բարձրությանը և ճարտարարվեստի հրաշագործությանցը վրա սքանչացող մըն եմ անվերապահ։

Այլամերժ և կույր հայրենասիրության պես ծիծաղելի ոչինչ կա նույնիսկ պատերազմի պահուն։ Այս նախարանը ըրի քեզի հասկցնելու համար որ անկողմնակալ ոգիով մը կը դատեմ եղելությունները։

Գերմանական սպառազինությունը կես դար տնտեսապես ճնշելե ետքը Եվրոպան՝ զայն վերջնապես ընկճելու համար ասպարեզ իջավ այսօր, զուր ջանք սակայն, Եվրոպան և ոչ մեկ ազգի տիրապետությունը կընդունի, ազգերը գերի վարելու աշխարհակալություն ընելու դարը իսպառ վերջացած էր Գերմանիա կը հայտարարե որ զինքը երկաթե շրջանակի մը մեջ բանտարկելու համար թափված ճիգերուն, վաղվան վտանգին դեմ իր սուրը մերկացավ։ Ճշմարտություն կա ասոր մեջ, ու ամբողջ ճշմարտությունը։ Եղելության մը պատճառը գտնել, դժվար աշխատություն, վերացական միտք մը մերձավոր դրդիչը ցուց պիտի տար Սերայովայի ոճիրը․ վերլուծիչ միտք մը հեռավոր պատճառը պիտի որոներ, մակերևույթին դեպի խորը պիտի թափանցեր։ Փիլիսոփաները հատորներ գրած են պատճառը և սկզբնապատճառը իրարմե զանազանելու համար։