Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատերազմի հայտարարութենեն շատ առաջ Գերմանիան պայքարի մեջ էր իր հիմակվա հակառակորդներով հետ։ Ֆրանսայի դեմ՝ ցեղային անհաշտություն և Ալզաա Լոռենի չսպիացած վերքը. Մեծն Բրիտանիn դեմ՝ առևտրական և Ճարտարարվեստական կռիվը իր բոլոր սաստկությանը մեջ. այս կովին մեջ հաղթությունը Գերմանիո կողմն էր։

Պալքանյան պատերազմը, տարիներն ի վեր մղված պայքարը սաստկացուց հոն ստեղծված նոր վիճակը իրերուն, իր անդամատված ձևին մեջ իսկ, դարձյայ թումբ մըն էր գերման տարածումին դեմ դեպի հարավ, գերման հեղեղը այս թումբը տապալելուն հետ մեկտեղ մյուս դարավոր վեճերն ալ լուծելու կը ձգտի։ Աննահանջելի հարկ այսպես նկատեցին գերմանները։

— Ուշադրություն, կը գոչե տասնապետս, թշնամին դեմերնիս է։ Գնդակներուն սուլումը ընդհատեց խորհրդածություններս։


է. ՆԱՄԱԿ

Հեղեղը արձակվեցավ խուժեց, իր ամեհի թափին տակ Լիեժը և Նամյուռը, Մանոնվիլիեն և Մոպեոժը ինկան. մեր բաժակները նահանջեցին առանց խուճապի սակայն, Շարլռուալեն մինչև Լաֆեռ. թշնամին Փարիզի դուռները հասավ. ամեն տան կորսված... կը թվի, թերևս է։

Գեշ լուրերը կայծակի արագությամբ կուգան, բայց, տարօրինակ երևույթ, փոխանակ զմեզ վհատեցնելու, ընդհակառակը, բոլորովին անդառնալի կը դարձնեն որոշումնիս բնաջինջ ըլլալու իսպառ քան թե թշնամիին առջև խոնարհելու։ Վերջին օրն է Ֆրանսայի, թող այնպես ըլլա, մենք վճռած ենք մեռնելու։

Մեր կողմը ճակատամարտը սովորական կռիվը չէ, այլ վայրագորեն՝ և գազանային գիշատումը զենքով, եղունգներով, ակռաներով։ Գերման հառաջխաղացությունը ոչ միայն չի թուլցուց մեր դիմադրությունը, այլ ավելի զայրացուց զայն, ուժգնություն տվավ անոր։