Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սովորական պատերազմը՝ ըստ միջազգային իրավագիտության՝ վախճան մը չէ, այլ միջոց՝ հակառակորդ կողմին ընդունել տալու որոշ պահանջներ, այս անգամ բուն իսկ վախճանը ըլլալ կը թվի, դիմացինը փճացնելու վախճանը:

Այս խորունկ համոզումով է որ գուցե ֆրանսական նկարագրին այս ճակատագրային ժամուն արմատական փոփոխություն մը կը կրե, իր շատզրուց ու քիչ մը անհարիր հանգամանքը կը մերկանա, բանե մը միայն չէ հրաժարեր՝ զվարթութենեն։ Զվարթությո՞ւն մահվան դեմը, հարկավ, կինը միշտ վայելչությամբ, այրը՝ միշտ ժպտելով մնալու են մինչև վերջին վայրկյանը։


Ը. ՆԱՄԱԿ

Թումբ մը կանգնեցինք մեր կուրծքերեն, ավելի տոկուն քան թե բոլոր զրահապատ ամրոցները աշխարհիս. ֆրանսական բանակը իր լայն և խրոխտ ճակատը հանեց հեղեղին դեմ։

Մեր թշնամիին հաջողությունը տեսնելով, տեսնելով անոլ նորահնար զենքերը, պատրաստվեր էի ըսելու ամենեն ուժով ազգը ան է որ մեծ թիվով ճարտարագետներ ingenieurներ ունի, դարավերջիկ սահման զորության, և հիմա կըսեմ ամենեն ուժով ազգը այն է որ մահվընե չի վախնար։

Ճակատամարտը հոս կամ հոն չէ, ամեն տեղ է. երկու բանակները, մարդկային կրկին շղթաներ, դեմ առ դեմ, գրեթե զուգահեռական գիծով կը գալարին վերեն վար հաշված շարժումներով, համենալով, նահանջելով, կասելով երբեմն և երբեմն նոր թափով մը նետվելով հառաջ։

Գիրկ գիրկի կռիվ, կուրծք կուրծքի, թև թևի, ոտք ոտքի անցած, հողին վրա գետինը տապլտկվող երկու ըմբիշներ, պահ մը մին՝ ընկճվելու մոտ..․ երբ հանկարծ անակնկալ շարժումով մը ոչ միայն ինքզինքը կը փրկե, այլ հակառակորդը նեղը կը գնե։ Հանդիսատեսները այս տիտանյան պայքարին կը հետևին ավելի սրտատրոփ քան թե բուն ինքն պատերազմիկները։ Հև ի հև պայքար որ հազիվ պիտի կրնար քանի մը ժամ տևե,