Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ գերմարդկային, անհունապես գերմարդկային ճիգով մը շաբաթե մը ի վեր կր շարունակվի։

Հեղեղը ետ դարձավ, եկած ճամփեն դարձավ ոչ բոլորովին մինչև իր եկած տեղը։ Մառնի ճակատամարտը պիտի կոչվի այս թումբը պատմության մեջ։ Իմ գումարտակս նվազեցավ. որչափ պարապ տեղեր մեր շարքերուն մեջ։ Երեկ ինկավ ճիշտ քովիկս, Ժոռմ Լըպռեոն, երիտասարդ օրագրող մը որ հոս ճանչցա, շուտով բարեկամացեր էինք, աշխույժ, խոսուն, զվարթ, զվա՜րթ մեռելները խնդացնելու չափ։ Անգլիական դաստիարակության ջերմ սիրահար մը, Տեմոլենի գիրքը Անկլո-Սաքսոններու գերազանցության պատճառները՝ խորունկ ներգործություն ըրած էր իր վրան, իր տանը մեջ ամեն բան անգլիական էր, իր զավակը, յոթը տարեկան մանչ մը ֆրանսերենի չափ կը խոսեր անգլիերենը։ Զորակոչին՝ երբոր բաժնվելու վայրկյանը եկավ, իր ճիտը պլլվեցավ ան, երեսները համբուրեց և պզտիկ խեղճուկ ձայնով մը ըսավ.

— Good by!

Զարնվելեն ժամ մը առաջ գուցե տասներորդ անգամը ըլլալով պատմեց ինծի այս բաժանման պատմությունը։

Տեսարանը գծագրված է աչքիս առջև և անդին չերթար։ Եվ հիմա բարեկամիս անշունչ մարմնին վրա անոր ճիտը պլլված. երկու պզտիկ բազուկները կը նշմարեմ և մանկական ձայն մը որ անոր ականջին կը փսփսա.

— Good by!


Թ. ՆԱՄԱԿ

Դիտված է թե պատերազմը, որ մարդկությունը բնաջինջ անելու կաշխատի, գրականությունը կը ծաղկեցնե, հաստատելով անգամ մը ևս այն օրենքը որուն համեմատ ամեն վնաս իր օգուտը ունի։

«Հաղթություն» բառը ամենուս գիտցած մեկ բառն էր, անոր նշանակությունը աայծառ էր՝ մանավանդ զայն ձեռք բերող կողմին համար։ Անոր վրա վերջերս ավելցավ «բարոյական հաղթություն»ը Morաlischer Sieg զոր ավստրիացիները հնարեցին՝